▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության մասին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվում են։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հետազոտվել են վերոնշյալ ընկերության գործունեությանն առնչվող ծառայությունների մատուցման սևագիր մատյաններում առկա տվյալները։ Միջոցառումների ընթացքում հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։ Ձեռքբերված տեղեկությունները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանին վերաբերելի հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ  1.1 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։

Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկ վճարողներին հայտարարագրել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալներն, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հավելենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության մասին է։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее