Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հարցում հռետորաբանությունը չի փոխել, ինձ հասկանալի է արդեն փորձագետների այն խոսույթը, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հակառուսական քայլ չի արել, բոլոր այդ թեզերը կեղծ են, Այսօր.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է այն տրամաբանությամբ, որ ռուսներին վնաս տա»,-հավելել է նա։
Նա հորդորում է Փաշինյանի այս մի քանի օրվա հայտարարությունները լսել՝ այսպես կոչված, «գործակալների մասին». «Հիմա ինքը չի ասում Ռուսաստան, բայց երբ ասում է ԿԳԲ-ի գործակալ, պարզ է չէ՞, որ խոսքը ՌԴ-ի մասին է։ Իր այս հայտարարությունները, թե իբր լավ հարաբերություններ ունի Պուտինի, Միշուստինի հետ, դրանք արվում են պետական ապարատի համար, որ պետական ապարատում խնդիրներ չլինեն իր նկատմամբ լոյալության համատեքստում։ Բայց այն, որ այդ մարդն ուղնուծուծով հակաարցախյան, հակառուսական և նաև՝ հանգամանքների բերումով, պրոթուրքական գործիչ է, կարծում եմ՝ այստեղ կասկած չի կարող լինել»։
Քաղաքագետը շեշտում է՝ Փաշինյանը մի օր մի հայտարարություն է անում, մի օր՝ դրան լրիվ հակառակ. «Սակայն, եթե մենք քաղաքականությունը համայնքապատկերում ենք նայում և դրա արդյունքները, մենք հասկանում ենք, որ այս մարդը խորը հակառուսական և խորը պրոթուրքական, հակաարցախյան քաղաքական գործիչ է։ Ինքն Արցախը հանձնել է այն տրամաբանությամբ, որ այնտեղ չլինեն ռուսական խաղաղապահ ուժեր, ու, իր ընկալմամբ, դրանով Հայաստանին անկախացրել է։ Ավելին՝ չզարմանաք, որ մի օր հայտարարի, որ ինքն Ադրբեջանին էլ է անկախացրել, որովհետև հանձնելով Արցախն Ադրբեջանին, ինքը Ռուսաստանին զրկել է լծակներից՝ ազդելու նաև Ադրբեջանի քաղաքականության վրա»։
Ըստ նրա՝ տոտալ հակառուսական քաղաքականությունը, որը Հայաստանում իրականացվում է, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հասել է իր պիկին. «Ճի՛շտ է, այնպես չէ, որ այն մինչև 2018 թվականը չկար, սակայն այս մարդը դա կատարելագործել է։ Պետք է ուշադրություն դարձնել նաև կադրային քաղաքականությանը։ Դուք մի հատ տեսեք, թե այդ մարդու շուրջ ինչ մարդիկ են հավաքված, ինչ քաղաքական անցյալ ունեն և կտեսնեք, որ այդ հակառուսականության «ռահվիրա» գործիչներն են նրա շուրջը։ Եթե դուք սպասում եք, որ Փաշինյանը, պայմանականորեն, ՌԴ-ի դրոշը կամ Վլադիմիր Պուտինի նկարը այրելու է՝ դժվար թե այս փուլում անի։ Ճի՛շտ է, եթե հունիսի 7-ին վերընտրվի, կեղծիքով, կռվով, կարող է դա էլ անել, բայց գոնե այս փուլում նման քայլ չի անի»։
Բենիամին Մաթևոսյանի համար անընդունելի և զարմանալի են այն թեզերը, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի «պրոյեկտն» է. «Բաց կերպով հօգուտ Նիկոլ Փաշինյանի խաղում են Ալիևն ու Էրդողանը»։
Դիտարկմանը՝ այսքանից հետո ՌԴ-ն մեզ հետ դաշնակցային հարաբերություններ կպահպանի՞, քաղաքագետն արձագանքեց.«Կարող ենք ասել, որ ՌԴ-ն տարանջատում է դնում հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Եթե Հայաստանում հունիսի 7-ի և հունիսի 8-ի քաղաքական իրողություններն իրարից չտարբերվեն, մենք ՌԴ-ի հետ հարաբերություններում սրընթաց վատթարացում ենք ունենալու։
Հետևաբար, հայ ժողովուրդը, եթե չի ուզում ի դեմս Ռուսաստանի ունենալ թշնամի, հակառակորդ, այլ ուզում է լավ հարաբերություններ ունենալ, պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա Նիկոլ Փաշինյանին»։


