Դավիթ Իշխանյանի խոսքը Բաքվի բանտից
|
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից․ «Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Դատավարական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչ որ վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին․․․ Ամենամեծ գնահատականը, հավանաբար, այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավարական կոլեգիային, որ չպղծեն դատարանը, որ իրենք այս դատավարությամբ արդեն պղծել են հաղթանակները․․․ Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, մեր ժողովրդի պատվի խնդիրներին, շինծու հիմնավորումներին, ազգային ինքնասիրությունը կոխկրտող պահվածքին և կեղծված պատմությանը․․․ Դատավորներն առաջնորդվում են «Մենք ենք որոշողը» սկզբունքով, և անում են այն, ինչ ուզում են։ Բայց սա մեզ համար երկրորդական է, մենք ֆորմալ կողմ ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Լրատվությունը, ինչպես միշտ, ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան ձևով։ Մեկ-մեկ նույնիսկ մտածում ենք՝ ո՞ւր են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Մոտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն։ Չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան պատերը, Կրեմլի պատերը կամ եվրոպական որևէ երկրի այդ թվում նաև Բրյուսելի պատերը շոշափելը դժվար չէ։ Բայց Բաքվի դատարանների դահլիճներից ներս նրանց այդպես էլ չտեսանք, որպեսզի աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչու են դատում և ինչպես են դատում․․․ Մեկ անգամ ևս պիտի ասեմ, որ մոտ երկու տարի շարունակվող այս երկու դատավարությունների ընթացքում պաշտպանական կողմն այդպես էլ չստացավ ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ո՛չ էլ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Մենք մեր խոսքը դեռ կասենք»։ |


