Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ «Իմպուլս» հաղորդաշարում արծարծված հարցերը բազմաբնույթ էին՝ ճակատագրական որոշումներից, Արցախի խնդրից, թշնամու երկրից ներկրվող բենզինից ու նույն ճանապարհով եկող հացահատիկից մինչև Ադրբեջանում պահվող հայ գերիներ ու քաղբանտարկյալներ:
Ըստ Հովհաննիսյանի՝ 90-ականներին ևս Հայաստանը կանգնած էր հացահատիկի դեֆիցիտի առջև: Ինքը բանակցություններ է վարել հարևան Իրանի հետ՝ լուծելու այս խնդիրը, սակայն պետությունը նախապատվությունը տվել է Թուրքիայով ներկրվող հացահատիկին: Այժմ Ադրբեջանով այն ներկրելը ՀՀ առաջին արտգործնախարարը համարում է ժամանակավրեպ. «Քանի մենք ունենք գերիներ Բաքվում, քանի իրենք օկուպացրել են ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, մեր քաղաքակրթությունը՝ մեր մշակութային կոթողները, մեր եկեղեցիները իրենք բռնազավթում են և ձևախեղում են, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»:
Ադրբեջանում պահվող գերիները, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն Ադրբեջանի խարանն է, այլ նաև՝ մեր ցավը, որ դրանով մենք գնում ենք բանակցությունների, զիջումների, կառուցողական լուծումների:


