Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ազատվել է աշխատանքից ու մեկնել Միացյալ Նահանգներ․ Asekose.am-ի տեղեկություններով, նա ԱՄՆ-ում միացել է «Անհայտ Բաժանորդ» ներկայացման թիմին․ Վիրաբյանը, այս ընթացքում՝ լինելով Հ1-ի գլխավոր պրոդյուսեր, Արման Միտոյանի հետ հանդիսանում է «Անհայտ Բաժանորդ»-ի պրոդյուսերը։
Թե ինչպե՞ս է Տիգրան Վիրաբյանն իրեն դրսևորել Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնում, կարելի է դատել հաղորդումների որակից ու դրանց մասին հասարակության տարբեր շերտերում ձևավորված կարծիքից։
Օրինակ, 2022-ին, Անկախության օրն անմոռանալի համերգային կատարումների մասին Հանրայինի ազդագիրը կոշտ քննադատությունների առիթ էր տվել համացանցում։
«Հանրայինի գլխավոր պրոդյուսերը` Տիգրան Վիրաբյանը, ոչ միայն հեռու է իր մասնագիտությունից, այլ նաև հեռու է երկրում տեղի ունեցող իրավիճակից, որ չի գիտակցում, որ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ պետք է մեր հերոսների անունները լինեն, ոչ թե իր պատրաստած կամ նկարահանած համերգները…»,-գրել էր կայքերից մեկը։
Նշենք, որ մինչ Հ1-ը Տիգրան Վիրաբյանը պաշտոններ է զբաղեցրել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ում, Երևանի քաղաքապետարաններում, Երևանի դրամատիկական թատրոնում․․․
Մենք դեռ կանդրադառնանք Հանրայինից Տիգրան Վիրաբյանի հեռանալու բուն պատճառներին, իսկ մինչ այդ , հիշեցնենք, որ նրա անունը ՝ նախկին պաշտոններում եղած ժամանակ, մամուլում հաճախակի է հայտնվել՝ տարբեր պատմություններով։
Օրինակ, գրվել է այն մասին, որ Հայաստանում 308 մլն 904 հազար դրամ բյուջեով անցկացված «Համաշխարհային հայկական գագաթաժողովի» կազմակերպումը վերապահվել է Տիգրան Վիրաբյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ին:
Ժամանակին հայտնի էր նաև պատմությունն, ըստ որի Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանն էլ Տիգրան Վիրաբյանին մեղադրել է քաղաքային բյուջեին ավելի քան 8 մլն դրամի վնաս հասցնելու մեջ։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Այդ ժամանակ Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել էր առանձնատուն, ինչպես նաև «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել էին 4 500 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել էր 1 687 500 ՀՀ դրամ:


