Դիտեք նաև՝
|
ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտնում է․ «Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Այս մասին ասված է Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ։ «Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել: Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգեւորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։ Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն: Եվ ամենակարեւորը. Հայ Եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը: Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։ Եկեղեցի ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Եկեղեցու անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։ Տերը օգնական հայոց ազգին»։ Դիտեք նաև՝ |


