Երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ո՞րն է Մայր Աթոռի արձագանքն այս հայտարարությանը, -հետաքրքրվել է Asekose.am-ը։
«Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։
Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։
Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների»,- ընդգծել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Դիտեք նաև՝


