«Սամվել Կարապետյանի կյանքի ուղին, գործունեության տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նա հայկական շահերի առաջնահերթությունն է միշտ սպասարկել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Հանրայինի հաղորդավարի հարցին, թե իրենց ուժը ռուսամե՞տ է։
«Մենք ոչ հակառուս ենք, ոչ էլ հակաիրանական ուժ ենք, մենք միտված ենք լավացնել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ»,- շեշտել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց առաջնահերթությունը հայկական շահն է։
Ռուսաստանի կողմից ենթադրյալ աջակցության մասին հարցին ի պատասխան էլ Նարեկ Կարապետյանը նշել է.
«Ինչու՞ է Ֆիդանը աջակցում Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարած ուժին։ Կրկին կարդացեք Ֆիդանի հայտարարությունը. Օսմանյան կայսրության հետնորդ երկրի արտաքին գործերի նախարարը, ով սատարել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, ուղիղ աջակցություն է հայտնել նաև ՔՊ կուսակցության ղեկավարին։ Ցանկանում է, որ ընտրություններում ՔՊ-ն հաղթի, բայց այստեղ կարևորը ոչ թե նրանց ցանկությունն է, այլ մեր ազգի ցանկությունը»։
***
«Եթե գնահատենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության վերաբերմունքը ազատ ընտրություններին, ապա բավական է հիշել մի քանի օրինակ. Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով ընտրվելուց ընդամենը օրեր անց կալանավորվեց, կամ Ալավերդիի ընտրված քաղաքապետի դեպքը։ Այս օրինակներով պարզ է դառնում՝ որքանո՞վ է իրականում նրանց կողմից գնահատվում ազատ ընտրությունը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանն ընգծել է՝ վանաձորցիները իրենց ձայնը տվել էին կոնկրետ մարդու, նա ընտրվել էր քաղաքապետ, սակայն նախապես զգուշացվել էր, որ ընտրվելու դեպքում խնդիրներ կունենա, արդյունքում Ասլանյանը 2 տարի անցկացրեց անազատության մեջ։ Սա է «Քաղաքացիական պայմանագրի» ձեռագիրը, «հարգանքը» ընտրությունների արդյունքների նկատմամբ, երբ ընտրված մարդիկ հայտնվում են բանտում՝ հենց ընտրվելու համար։
«Քաղաքացիական պայմանագրի» ձեռագիրն արդեն շատերի համար տեսանելի է․ հասարակությանը ցույց տալ մի բան, իսկ իրականում անել մեկ այլ բան։ Բայց 2018 թվականից հետո մեր հասարակության աչքերը բացվել են, մարդիկ տեսնում են, որ ՔՊ-ի ցույց տվածն ու իրականությունը միմյանցից մեծ շեղում ունեն»,- ասել է Կարապետյանը։
***
«Մենք պետք է հասկանանք. որ մեր երկրի գլխավոր հարցը մեր երկրի ուժը ամրապնդելն է, իսկ ուժը ամրապնդելու համար շատ կարևոր է չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ: ՌԴ-ի համար առաջնային է այս պահին, որ տարածաշրջնում չլինի հակառուսական ֆորպոստ: Մենք ասում ենք, որ հայկական ղեկավարությունը պետք է չլինի հակառուսական, հակաիրանական, այլ տարածաշրջանի երկրների հետ կազմի երկարաժամկետ համագործակցային զարգացման մոդել»,- «Հանրային»-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահը հայտարարել է, որ ցանկանում է ՀՀ-ում ռուսամետ ուժերը մասնակցեն ընտրություններին. դուք շարունակում եք հերքե՞լ, որ դուք ռուսամետ ուժ եք:
«Մենք հակառուս ուժ չենք: Շատ կարևոր է, որ ՔՊ-ի պես ամեն օր ՌԴ-ի հասցեին սխալ արտահայտություններ թույլ տալով՝ հարաբերություններ չփչացնենք այդ երկրի հետ, որովհետև տարեկան արտահանում ենք 3 մլրդ-ի ապրանք:
Մենք միտված ենք լավացնել հարաբերությունները Իրանի, ՌԴ-ի և մեր մյուս գործընկեր ԱՄՆ-ի հետ: Եթե կարող եք դա կոչել «մետ», այո, մենք միտված ենք լավացնել հարաբերությունները տարածաշրջնի երկրների հետ»,- ընդգծել է նա:


