«Հետք»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերին 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարարի փաստաբանը չի հերքում, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։
«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը»,-«Հետքին» ասաց Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տան սեփականատեր Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, 2022 թ․-ին տունը վաճառել էր գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Լ. Պետրոսյանը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը, սակայն, սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ 2023թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում եւ վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչ օրս գումարը չի վճարվել, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և արգելվել է վճարում կատարել։
Այդ ժամանակ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում (նախկին ՀՔԾ) գտնվող գործով արգելանք էր դրվել Աբրահամյանների առանձնատան վրա, սակայն ՀՔԾ քննիչը արգելանքը հանել էր, որից հետո Աբրահամյանները կարողացել էին տունը վաճառել Նարեկ Նալբանդյանի կնոջը։
Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. հունիսի 13-ին ձերբակալել էր Հովիկ Աբրահամյանին։ ԱԺ նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:
Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրել էր, որ դատարանը մերժել է Հ. Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք։
«Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները։ Ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը։
Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումը բողոքարկվում է»:
Դիտեք նաև՝


