Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հետաքրքիր է` այդ ի՞նչ «գիտեն» հայ արտադրողները, որ չգիտեն ամբողջ աշխարհի բրենդի արտադրողները
Ո՞րն է այն նոու-հաուն (անգլերեն` know-how), որին տիրապետում են հայ արտադրողները, և որը նորարարություն է ամբողջ աշխարհում` աշխարհագրական նշման (GI) ներքո բրենդիի արտադրության գործընթացում օգտագործել կաղնու փայտի տարատեսակներով հնեցում (կաղնու տակառից բացի) ու հավակնել մնալ բարձրակարգ խմիչքների շուկայի մատակարարների շարքերում:
2026 թ.-ի մարտի 13-ին «Հայկական բրենդի» աշխարհարգրական նշման հմ. 2026001 հաստատված հայտի շրջանակներում, ի լրումն կաղնե տակառի մեջ հնեցման եղանակի, կաղնու փայտի միջոցով հնեցումը դիտարկվում է որպես արտադրության ընդունելի մեթոդ. փաստաթղթի «Արտադրության մեթոդը» բաժնում հստակ սահմանված է, որ «ստացված սպիրտները հնացվում են կաղնե տակառներում կամ կաղնե փայտի հետ շփման միջավայրում»:
Նախքան «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (GI) տեխնիկական բնութագրի մասին կարծիք հայտնելը, պարզապես տեսեք, թե ինչ է ներկայացված մյուսների մասով, այսպես`
Cognac (Ֆրանսիա) — հնեցումը` կաղնու տակառում, նվազագույնը 2 տարի։ www.cognac.fr
Armagnac (Ֆրանսիա) — հնեցումը` կաղնու տակառում, նվազագույնը 1 տարի։ www.armagnac.fr
Calvados (Ֆրանսիա) — հնեցումը` կաղնու տակառում, նվազագույնը 2 տարի։ drinkcalvados.com
Brandy de Jerez (Իսպանիա) — հնեցումը` կաղնու տակառում: brandydejerez.es
Cape Potstill Brandy (Հարավային Աֆրիկա) — հնեցումը` կաղնու տակառում, նվազագույնը 3 տարի: capebrandy.co.za
Հարավային Աֆրիկան ընտրել է անգամ «Cognac»-ից ավելի խիստ չափանիշ։ Արդյունքը` «Աշխարհի լավագույն բրենդի» կոչում միջազգային մրցույթներում։ Մենք ընտրո՞ւմ ենք ավելի հեշտ ճանապարհ` ցածր ստանդարտներով, քան աշխարհագրական նշում ունեցող մյուս երկրները։
Հենց այս խստությամբ են հաղթում «Cognac» -ի դեմ միջազգային մրցույթներում։
Ոչ մի երկիր, որն ունի կամ ուզում է ունենալ արժանահավատ աշխարհագրական նշում (GI), կաղնու փայտով իրականացվող հնեցման եղանակ չի թույլատրում `առանց պիտակի վրա համապատասխան նշման։ Ոչ մի երկիր։
Եթե արժանահավատ աշխարհագրական նշում (GI) ունեցող բարձրակարգ խմիչքների աշխարհը խիստ սահմանափակում է կաղնու փայտերի միջոցով կոնյակի հնեցումը` պիտակավորման գործընթացում պահանջելով ազնիվ մոտեցումներ, ինչու՞ Հայաստանը պետք է թույլատրի հնեցման այս եղանակը։
Բայց, Հայաստանում, փաստորեն, «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (GI) շրջանակներում ներկայացված տեխնիկական բնութագրերն ավելի ազատական են. ինչպես արդեն նշվեց, հաստատված հայտի շրջանակներում որոշ արտադրողների պահանջով թույլատրվել է կաղնու փայտի միջոցով հնեցման եղանակը՝ պատճառաբանելով այն մթերված խաղողի մշակման և պահպանման ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումների կատարման անհնարինությամբ և այդպիսով ոլորտի փրկության “սին” գաղափարներով:
Ստանդարտը կամ կա, կամ չկա։ Ստանդարտը կամ պահպանվում է, կամ ոչ: Շատ լավ հասկանալով կարճաժամկետ նպատակները` գտնում եմ, որ պատասխանատու Կառավարությունը բարձրակարգ խմիչքների շուկայում աշխարհագրական նշման (GI) վերաբերյալ նման զիջումների չի կարող գնալ:


