
Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Զարմանո՞ւմ եք, որ հանրային անունը կրող իշխանական հեռուստատեսությամբ Արցախ բառը չեն օգտագործել:
Այդ նույն հեռուստատեսությունը չէ՞ր «Հարյուր տուն Արցախում» նախագիծն անում, որի արդյունքը ոչ մեկս չտեսավ:
Այդ նույն հեռուստատեսությունը չէ՞ր արցախցիների նկատմամբ ատելություն սերմանող հաղորդումներ և ռեպորտաժներ հեռարձակում:
Այդ նույն հեռուստատեսության լրատվականները չե՞ն, որ լռում են Արցախի ղեկավարության ադրբեջանում գերության մասին:
Ես զարմանում եմ, թե ոնց դեռ անվանումը Հայկական Առաջին հեռուստաալիքից TRT9 չի դարձել:
Վստահ եմ, որ ինչպես հիմա, այնպես էլ այդ դեպքում ներսում առարկություններ և բողոքներ չեն լինի, եթե աշխատավարձերը ժամանակին վճարվեն, թեկուզ լիրայով»:
Լուսանկարում՝ Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է
|
Հավելենք, որ լրագրող Արթուր Հակոբյանն էլ նույն թեմայի մասին գրել է. «Արդեն նույնիսկ հեռուստատեսությամբ են խուսափում արտասանել «Արցախ» բառը… Կամ արգելել են արտասանել, կամ էլ աշխատանքից ազատվելու մտավախություն ունեն։ Եվ այստեղ խոսքը պարզապես ստեղծագործության անվան մասին է:
Մի՞թե այսուհետ այսպիսի վախի մթնոլորտ է տիրելու, և սա՞ էր արդյոք սպասված ապագան»:
***
|
|
Կարդացեք նաև՝ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «•Արա Գևորգյանի էդ «հըրա՛շալի» երաժշտությունն անուն ունի՝ «Արցախ»։
• «Արցա՛խ» ա էդ անունը. նախ՝ «Ա», հետո՝ «ր», ապա՝ «ց», դրանից հետո՝ մի հատ էլ «ա», և վերջում՝ «խ»։
• Մի հատ էլ ասեք՝ «Արցա՛խ». հետո էլի՛ կրկնեք՝ «Արցա՛խ»։
Հիշո՞ւմ եք Հերոստրատ անվամբ չարագործին։ Որ հանուն փառքի կործանեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Ու չնայած օրենքով արգելվեց հիշել չարագործի անունը (damnatio memoriae), էդ անունը չմոռացվեց, մնաց ու դարեդար հասավ մեզ։
Ուրեմն՝ եթե նույնիսկ մի հրեշավոր չարագործի անունը չի ջնջվում, ո՞նց եք մոռացության տալու մեր հայրենիքի անքակտելի մասի՝ Արցախի անունը։ Մի ամբողջ երկրի, որտեղ մեր հայրենակիցները հազարամյակներով ապրել են, հող են մշակել, հաց են թխել, օրորոցայիններ, հորովել, հարսանեկան երգեր ու ողբեր են երգել ու պարել են, թշնամիների հետ են կռվել, Վարդավառ են արել, խնջլոզ են բերել ձորերից, թութ են թափ տվել, վանքեր, մատուռներ, բերդեր ու կամուրջներ են սարքել ու դրանց վրա դրոշմել են մեր հավիտենական լեզվի ու քաղաքակրթության դրոշմը... Հիմա՝ էդ ամենը չի եղե՞լ, միրա՞ժ էր, որ ցնդեց, գնաց...
Ու առհասարակ, ստեղծագործության անունը ոչ մի պատճառաբանությամբ չի՛ կարելի կտրել ստեղծագործությունից։ Հնչում ա էդ երաժշտությունը, ուրեմն պիտի անունն էլ տրվի՝ «Արցախ»։ Դա լռության մատնելն անթույլատրելի ա ու սրիկայություն ա։ Առավել ևս հրեշավոր ա, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում ա կործանված հայրենիքի գոնե անվան հիշողության տարրական իրավունքին։
Անբարոյականությունը ներառում ա նախ և հիմնականում միջազգային կազմակերպիչների՝ օլիմպիական կոմիտեի որոշումը՝ մեր երդվյալ թշնամու անտրամաբանական ու ղախպական բողոքին տեղի տալը։
Արցախը հայերիս հայրենիքի անքակտելի մասն ա, անկախ նրանից, թե ո՛ր շրջանում ո՛ր թշնամու տիրապետություն ա համարվել։ Նրա անունը իրավունք չունի իջնելու միջազգային քաղաքական, դիվանագիտական, գիտական ասպարեզներից ու առավել ևս ջնջվելու մեր սրտի «դավթըր»-ներից։ Ու մեր արցախցի հայրենակիցների հայրենամորթության ցավը պետք ա ամեն կերպ ամոքենք՝ Հայաստանում նրանց ու նրանց մշակույթը հարազատ հոգածությամբ շրջապատելով ու նրանց՝ հայրենիքում ապրելու զգացողություն ներշնչելով։ Մեր բոլորի հայրենիքը հավիտենական Հայաստանն ա»:
|