▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններից օրեր առաջ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ առաջին ատյանի որոշումը Վճռաբեկը թողեց ուժի մեջ. նա կազատազրկվի

Մասիսի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։

Ըստ որոշման՝ մեղադրյալներ Դավիթ Մհերի Համբարձումյանի և Գոռ Մհերի Համբարձումյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Դավիթ Մհերի Համբարձումյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օրը, ինչպես նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 (յոթ) ամիս 28 (քսանութ) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով Դավիթ Մհերի Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

***

Մասիսում «Կառուցող դաշինք»-ի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը վստահ է՝ իրեն կալանավորելու դեպքում էլ «Կառուցող դաշինք»-ը մինչև վերջ գնալու է։

Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՔՊ-ից իրեն համագործակցության առաջարկ են արել, ինչը, բնականաբար, մերժվել է։

«Այո՛, առաջարկ է եղել, առաջարկել են առաջիկա ընտրությունների հետագան քննարկել, ես մերժել եմ, որովհետև ես երբեք չեմ աշխատի որպես պայմանավորված համայնքի ղեկավար։ Ի՞նչ է նշանակում պայմանավորվել, որոշողը մասիսցին է, ես վստահում եմ մասիսցիների հաղթանակին, հետևաբար, որևէ մեկի հետ պայմանավորվելու բան չունեմ»,- ասաց Համբարձումյանը։

***

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի:
Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր քպ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ:
Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին:
Սրանց քաղաքական պատկերն է»:

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ։
Կոնցլագերի վերածված Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցությունը ուղիղ ճանապարհ է դեպի գաղութ։
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության թեկնածուների վկայականները Փաշինյան Նիկոլը հավասարազոր է դարձրել բանտի ուղեգրի։ Տպավորություն է, թե համահունչ աշխատում են ընտրատաածքային ընտրական հանձնաժողովների հետ»։

Հասարակություն ավելին