«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։
Նա արդեն Նիդերլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել` համալսարանի հարեւանությամբ, քանի որ այն չունի կամպուս` ուսանողների կեցավայր։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների եւ դրամաշնորհների հարցում` արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին, այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ընդունվելու համար անհրաժեշտ են լեզվի լավ իմացություն եւ ատեստատի միջինից բարձր գնահատականներ: Համացանցի տվյալներից տեղեկացանք, որ ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է` կախված ծրագրից: Այսինքն՝ զիջում է Հարվարդի կամ Օքսֆորդի ուսման վարձերին։
Մեր տեղեկություններով, Միրզոյանը հանձնարարել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին` օգնել դստերը ցանկացած հարցում, եւ նրանք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն ծառայություններ մատուցել իրենց վերադասին:


