▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի․ Հրանտ Թոխատյան

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․

«2020թ. հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Բ. Թունյանի հրավերով տեղի ունեցավ հեռավար քննարկում քաղաքացիների 5 մարդուց բաղկացած խմբի և Հարկային օրենքում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունների ԱԺ հեղինակային խմբի, Ֆինանսների փոխնախարարի և Կադաստրի վարչության պետի միջև: Մենք՝ քաղաքացիների խումբը նախապես ուղարկել էինք մեր նկատառումները և որոշ առաջարկություններ: Քննարկմանը հրավիրված քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին օրենքի բովանդակային և օրենքի հանրային քննարկումների բացակայության մասին խնդիրներ:

Մասնավորապես 1. Օրենքի ձևավորման համար պարտադիր և հիմնարար հասարակական, ժողովրդագրական, մշակութաբանական տվյալների բացակայությունը (օրենքի տրամաբանությանն անհրաժեշտ այս հարցերի որևէ վերլուծություն չի արվել), 2. Գույքահարկի օրենքի գոտիականությամբ պայմանավորված համայնքների բյուջեներին կանխատեսելիորեն անհամաչափ ազդեցությանը, 3. Օրենքում սոցիալական և մշակութային բաղադրիչի բացակայությանը, 4. Հայաստանի բնակչության տարբեր հասակական շերտերի շահերի և իրավունքների բացակայությանը, 5. Ներգաղթի և արտագաղթի վրա օրենքի հնարավոր ազդեցության հաշվարկման բացակայությանը, 6. Մշակութային կղզյակների կապիտալի պաշտպանությանն ուղղված մտահոգության բացակայությունը, 7. Գույքահարկի «շուկայական արժեք» հասկացության փիլիսոփայությանը: Վերջինս, մեր գնահատմամբ, ոչ թե ազատական տնտեսության իրավական ընթացքում ձևավորված գին/արժեք է, այլ վերջին 20 տարիներին քրեա-օլիգարխիկ երկրի տրամաբանությամբ ձևավորված արհեստական, չարդարացված գին, որն էլ որպես հաշվարկման հիմք դրվել է Գույքահարկի մասին օրենքի գնագոյացման հիմքում: Մենք գտնում ենք նաև, որ իշխանությունները պետք է ունենան Հայաստանի առանց այդ էլ շատ փոքր քաղաքային մշակութային շերտը ի դեմս այդ շերտը կրող մարդկանց և միջավայրերի պաշտպանելու քաղաքականություն: Սա շատ կարևորվում է, հատկապես նկատի ունենալով վերջին երեսուն տարիներին մասնավորապես Գյումրիում և Երևանում այդ շերտի պատմա-ճարտարապետական միջավայրի բնական և մարդածին ագրեսիվ ավերումների և այդ մշակույթը կրող մարդկանց դուրս մղումների հետևանքով առաջացած իրավիճակը: Մենք ուղղակի կորցնում ենք այդ շերտը:
Օրենքը ստեղծող, պաշտպանող և ընդունող կողմը տնտեսական և ֆինանսական հիմնավորումներով ներկայացրեց հատկապես օրենքի տեխնիկական բաղադրիչը: Մեր առաջ քաշած բոլոր հարցադրումները համարվեցին օրենքի ոգուն և նպատակներին չհամապատասխանող: Օրենքը ետ կանչելու, հանրային քննարկում ապահովելու և վերանայելու մեր առաջարկին պատասխանեցին, որ դա այլևս հնարավոր չէ, բայց մինչ օրենքն ուժի մեջ մտնելը այն կարող է լրացվել:
     Գտնում ենք, որ գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա լուրջ մասնագիտական և հանրային քննարկման առարկա և հասարակական ճնշման ազդեցության տակ վերանայվի, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները: Մեզ պետք է իսկապես մարդակենտրոն և մշակութակենտրոն օրենք, ոչ թե ֆինանսա-տնտեսագիտական ցիրկուլյար:
     Քննարկումը ձայնագրվել է, տեղադրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում»:

Վահան Արծրունի, Հրանուշ Խառատյան, Զարուհի Մուրադյան, Լևոն Չուգասզյան, Հրանտ Թոխատյան, Մարկ Գրիգորյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more