▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

Կրեմլը մեծ նշանակություն է տալիս մայիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայանալիք հանդիպմանը։
Փաշինյանը Մոսկվա կգա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. նույն օրը տեղի կունենա Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի երկկողմ հանդիպումը։ «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս այս երկկողմ հանդիպմանը, որը, ինձ թվում է, կօգնի շատերին», - ասել է ՌԴ նախագահի` միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին։ Ուշակովը հավելել է, որ Կրեմլն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց կքննարկեն երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը։
«Վերջերս խնդրահարույց հարցեր են կուտակվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- լրագրողներին ասել է Ուշակովը։ Նա հիշեցրել է, որ Պուտինն ու Փաշինյանը երկար ժամանակ չեն հանդիպել: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին, «և դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել»։
«Քննադատություններ են հնչում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի հասցեին, որին մասնակցությունը, գիտեք, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է, թեև դեռևս չի հրաժարվել այդ կազմակերպությանը լիարժեք անդամանկցությունից: Բայց նրանք չեն մասնակցում զորավարժություններին և պատրաստվում են ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից: Միևնույն ժամանակ, Հայաստանում ցուցադրաբար զարգանում է երկխոսությունն Արևմուտքի հետ՝ ներառելով Եվրոմիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, իսկ ՆԱՏՕ-ի հետ կապերն ակտիվանում են: Այսինք, հիմա շատ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են ղեկավարների անմիջական քննարկում»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

***

Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին»,- հիշեցրել է Ուշակովը և հավելել, որ հոբելյանական գագաթնաժողովը ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշել են անցկացնել Մոսկվայում և այն կանցկացվի Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

***

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 79-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում, մասնակցելու են ԱՊՀ-ի, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Շքերթին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ղեկավարները, առանձին հրավեր է ուղարկվել Կուբայի, Գվինեա Բիսաուի, Լաոսի ղեկավարներին։

«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ներկա չի լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պատճառն այն է, որ Ադրբեջանում նույն ժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված արարողություններ են անցկացվելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее