|
Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները հերթական ներազգային պառակտումն էին կազմակերպում՝ Սուրբ Ծննդյան անվան տակ, Ալիևը շատ պարզ ու բաց խոսեց տարածաշրջանում ստեղծված իրականության մասին։ Նա գրեթե չթաքցրեց, որ տեղի է ունենում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ենթարկման գործընթաց։
«Բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք էինք ցանկանում»,– ասում է Ադրբեջանի նախագահը՝ փաստելով ուժի, ճնշման և քաղաքական պարտադրանքի արդյունքում ձևավորված դե ֆակտո իրավիճակը։ Սա նաև ուղերձ է միջազգային լսարանին․ Հայաստանը, ըստ Ալիևի, արդեն համաձայնել է, պարզապես դեռ չի ընդունում դա հրապարակավ։
Նա հայտարարում է, որ «պարտվող կողմ չկա», բայց միայն տնտեսական իմաստով։ Քաղաքական և ռազմական առումով պարտվածը հստակ է։ Ադրբեջանն առաջարկում է տնտեսական օգուտներ՝ քաղաքական և սուվերեն զիջումների դիմաց։ Սա խաղաղություն չէ, սա խաղաղություն՝ ենթարկման դիմաց տրամաբանությունն է։
Ալիևը նաև ողջունում է Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարը՝ նշելով․ «Կա իրական Հայաստան՝ իր սահմաններով, և մինչև մենք չճանաչենք, դրանք գոյություն չունեն»։ Այսինքն՝ նա իրեն ներկայացնում է որպես Հայաստանի սահմանների լեգիտիմացնող սուբյեկտ։ Սա ոչ միայն միջազգային իրավունքին հակասող հայտարարություն է, այլ ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։
Օրեր առաջ Ալիևն ասել էր, որ «միջազգային իրավունքը չի աշխատում», իսկ աշխարհը վերադարձել է «ուժի օրենքին»։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի խաղաղության հռետորաբանությունը մարտավարական է, ոչ ռազմավարական։ Խաղաղությունը կարող է վերանայվել ցանկացած պահի, և նա դա նույնիսկ չի թաքցնում։
Իսկ իր տարածքով Հայաստան ուղարկված մի քանի վագոն բեռը, որը իշխանական քարոզչությունը ներկայացնում է որպես «խաղաղության ժամանում», Ալիևն օգտագործում է ԱՄՆ-ում իր դիրքերը ամրապնդելու համար՝ պահանջելով 907-րդ բանաձևի վերացում և ագրեսորի իր իմիջի մաքրում։
Սրանք լուրջ մարտահրավերներ են մեր հասարակության համար։ Բայց դրանց մասին քննարկումները քիչ են, իսկ եղածն էլ խլացվում է իշխանությունների և չեղած խաղաղության քարոզիչների կողմից»։
|