▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2021-ից հետո, ցավոք, ստացվեց պաթոսով հարց տվող ընդդիմություն, գինն էլ՝ կորսված Արցախ․․․Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սիրելի ընկերներ ձեզ եմ ներկայացնում վերջին շրջանի իմ մտքերի հանրագումարը` վերլուծության տեսքով:

ՀԱՅԱՑՔ ԿՈՂՔԻՑ՝ ՆԵՐՍԻ ԱՉՔԵՐՈՎ: ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ 

2018-ին հասարակական կոնսենսուսը կառուցվեց նախկին բոլոր հեղինակությունների մերժման վրա։ Այն սուբյեկտը, ով քանդում էր հին համակարգը, ընկալվեց որպես միակ վստահելի դերակատար։ Փրկչի կերպարը դարձավ քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուրը։

ՀԵՏՈ…

Մաքս Վեբերի «ապասրբացում» հասկացությունը մեզ հուշում է ժամանակակից աշխարհի փոխակերպման մասին, դրա առասպելազերծ դառնալու մասին, Ռոլան Բարտի «Առասպելաբանություն» աշխատանքը դիտարկում է դրանք որպես հաղորդակցման միջոց, վերլուծում առասպելների վտանգները: Այս և այլ հեղինակների /Գրեմշի, Ֆուկո/վերլուծությունը ցույց է տալիս, որ միֆերի ապամոնտաժումը կարևոր է, այն քննադատական մեթոդ է ու քաղաքական հասունացման դրսևորում՝ դրա կարևոր ու օգտակար փուլերից մեկը, քանզի հասարակությունը դադարում է ապրել կեղծ հույսերով ու սկսում տեսնել իրական կյանքը՝ իրական գույներով: Բայց այս պրոցեսը նաև կանոններ ունի: Կործանարար է քանդել որևէ բան՝ չտալով փոխարինող իմաստ, չլցնելով նոր՝ իրական բովանդակությամբ կամ գոնե ավելի օգտակար միֆով: Առավել վտանգավոր է, երբ ապամիֆականացումը դառնում է երբևէ գոյություն ունեցած հեղինակությունների ապալեգիտիմացում, տոտալ հեղինակազրկում, հարցի առանցքը գլխիվայր շուռ է գալիս :

ՀԵՏՈ…..

սկսվեց ամեն բանի ու ամենքի հիմնարար ու ինստիտուցիոնալ հեղինակազրկման ռեժիմը: Չկան կարմիր գծեր, փակ թեմաներ, ակնածանք պահանջող վարքագծային մոդելներ: Ամեն բան քննարկելի է, ամեն բան դատապարտելի է, ամեն բան սակարկելի է, ամեն բան կարելի է: Գործող իշխանության «աղացը» կարող է դիպչել ցանկացած թեմայի ու հրամցնել հերթական զոհին՝ ասելով՝ այս մի հեղինակությունը ևս չկա: Այն լեգիտիմ չէ, վատն է, արժանի չէ և այլն և այլն։

 Հեղինակազրկվում է այն ինչ հնարավոր ու անհնար է: Պետք է կամ այդ պահին` այդքան էլ չէ: Այս գործընթացը դիպել է ամեն բանի՝բանակ, եկեղեցի, անկախության հռչակագիր, պատմություն, պատմական խորհրդանիշեր, պատմական ինստիտուտներ, պատմական հիշողություն, պետական ինստիտուտներ, պաշտոնյաների վարքագիծ, պատասխանատվության մոդել, քարոզվող արժեքներ , անգամ՝ էմոցիաների թույլատրելի մոդելներ և այլն: Պարզվում է՝ Արցախ վերադառնալու միտքն անգամ՝ տարածքային պահանջ է, Արարատ սարի հիշատակումը տարածքային պահանջ է, հիանալ չի կարելի՝ կնեղվեն, հիշել չի կարելի՝ կբարկանան, երազել չի կարելի՝ կսպանեն, սիրել չի կարելի՝ կնյարդայնանան: Հանուն ճշմարտության՝ կան դեպքեր, երբ ոչ թե հեղինակազրկվում, այլ քանդվում են միֆեր, որոնք օգտակար են թե՛ հասարակության ու թե՛ անհատապես վերցրած մարդու համար:

Օրինակ «հող հանձնողին հանձնենք հողին» բանաձևը, ճակատագրական պահերի համար «փայփայված» իբր ուժեղ գեներալները, «հարց լուծողները», պսևդոինտելեկտուալները, պսևդոփրկիչները, մեր բարեկամների, դաշնակիցների ու թշնամիների մասին պատկերացումները: Մեզ թշնամի պետք էլ չի, մենք ինքներս ամեն բան կարող ենք անել՝ ինքներս մեզ ոչնչացնել վիրտուոզ կերպով: Կամ ինչ արժե միայն Արցախի ողբերգական կորստի նկատմամբ եղած վերաբերմունքը , հանրային արձագանքը…… Միֆ էր`հակառակը սպասելը: Դրանից վախենալով ոչինչ չանելը: Ինքը՝ հասարակությունը, աշխարհում իր տեղի ու դերի մասին ունի այնպիսի պատկերացումներ, որոնք այլ բան քան առասպել չես անվանի: Քրիստոնյա ենք՝ աշխարհը չի թողնի մեզ սպանեն, Շառլ Ազնավուր ունենք/ունեինք՝ Ֆրանսիան մեզ կօգնի, էդքան հայ կա Ամերիկայում՝ կօգնեն, Ռուսաստանին Արցախը ավելի պետք էր, քան մեզ, թող պահեին ու այսպես շարունակ:

Հայաստանում միֆ չէ միայն փողը, դրա հանդեպ ունեցած «սրբազան հարգանքը», հանուն դրա բոլոր հնարավոր ու անհնար գործարքները: Իմաստային ու գոյաբանական համընդհանուր, թե կուզեք՝ ազգային, թե կուզեք՝ ոչ սպառողական, գաղափարական այլընտրանքի բացակայությունը, տոտալ հեղինակազրկումը ստեղծում են ԻՆՔՆՈւԹՅԱՆ ՎԱԿՈւՈւՄ, որն էլ բերում է որպես հասարակություն ու պետություն մեր տեղի ու դերի մասին դեֆորմացված, հատվածային ընկալումների: Չկա ոչինչ, որ կմիավորի Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությանը: Խոսքն իհարկե էլեկտորալ մեծամասնության մասին չէ: Իշխանական «Իրական Հայաստանի» կոնցեպտը ի սկզբանե այդ վակուումը լցնելու ձախողված փորձ էր՝ քանզի այն բոլոր ապալեգիտիմացված ու հեղինակազրկված երևույթների համակցություն է`առանց ինքուրույն և հանրային կոնսենսուս ունեցող բովանդակության:

Ընդդիմության տեսանկյունից էլ՝ Փաշինյանին հեռացնելու օրակարգը նշյալ վակուումը լցնելու բանաձև չէ, որքան էլ պարադոքսալ թվա: Դա եղանակ է, բայց ոչ բովանդակություն:

Այս ամենի ֆոնին այդ ամենի հեղինակը ինքը դարձել է պսևդոառասպելական կերպար, որին իբր չի կարելի հաղթել, ով իբր ամենալավն է հասկանում քաղաքականությունից, ամենալավն է ֆռռցնում բոլորին և այլն: Սնվում է այս միֆը ընդդիմախոսներից: Ու արդեն ընդառաջ գալիք ընտրություններին կարևոր է արձանագրել՝ այս ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ ու անհատ պետք է գիտակցի, որ ստանձնում է բեռ ու պատասխանատվություն նրա համար՝ թե ինչ տեղի կունենա հետո:

Ամեն մեկն՝ իր չափով:

Մեծ պատասխանատվություն կա Ս. Կարապետյանի ուսերին: Թերևս ամենաշատը՝ բոլոր մասնակիցներից: Ամենաշատը իրենից են սպասում: Կա՜մ ինքը կառասպելազերծի Փաշինյանին, կա՜մ կդառնա «Փաշինյան առասպելը» հերթական սնողը: Նույնը վերաբերում է մյուսներին՝ իրենց չափով: Յուրաքանչյուր որոշում ընտրություն է՝ միավորվելը, առանձին գնալը, մասնակցելը, չմասնակցելը, ցուցակում լինելը կամ ոչ: Պատասխանատվություն է՝ թիմային և անհատական:

Հուսով եմ՝ շեմը հաղթահարելու կամ մանդատի մասին տենչացող յուրաքանչյուրը գիտակցում է, որ սա իրենց վարդագույն երազանքի մասին չէ, իրենց ավելի արժանի լինելու մասին չէ, իրենց ամբիցիաների մասին չէ:

Սա Հայաստանի մասին է: Ձախողելու դեպքում Հայաստանի կողմից վճարվող գնի մասին է: 2021 թվականի ընտրություններին ակնկալիքը իշխանության հեռացումն էր, բայց, ցավոք, ստացվեց ուղղակի պաթոսով հարց տվող ընդդիմություն, գինն էլ՝ կորսված Արցախ:

Իսկ հիմա՞․․․

Վերջաբանի փոխարեն:

Իշխանության հակառակորդների շարքում միֆ կա՝ իշխանությունը ձայն չունի կամ քիչ ձայն ունի: Դա հաճելի ու կոմֆորտ մտայնություն է, բայց դրա ապամիֆականացումը դաժան ու ցավոտ է լինելու: Ձեր ու Հայաստանի համար: Բոլորիս ու Հայաստանի համար: «Նիկոլ միֆը» վերջնական իրականություն չդարձնելու ու այն քանդելու համար ասիմետրիկ քայլեր են պետք: Ոչ թե առերևույթ խորհրդավոր ու խելացի, բայց իրականում տգետ ու էգոիստ: Այլ՝ մտածված, ասիմետրիկ: Կամ զարմացնում եք մարդկանց, անակնկալի բերում Փաշինյանին, բանաձև տալիս Հայաստանին կամ ընդունում ենք միֆականացված առաջնորդի առկայությունը ու ձեր պարտությունը: Երրորդ տարբերակ չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more