▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ Քրիստոս, ի՞նչ ավետարան, ազգն է կործանվում

Զարմանալի էր, երբ իննսունականներին, մի քահանա, մի առիթով արտաբերեց այս խոսքերը: Ի՞նչու էր նա այսպես կարծում, թերևս այսօր է դառնում հասկանալի: 
Կար մի ժամանակ, երբ պատերազմները կրում էին քաղաքական, տնտեսական նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթ: Նույնիսկ ավելի ուշ, խաչակրաց արշավանքներին տրվեցին կրոնական բնույթ, թեև կրոնը միայն պատրվակ էր հետ վերադարձնելու կորցրած շահույթի աղբյուրները: Ուստի, մարդկային ագահության և սպառողական մոլուցքի հետ, Քրիստոսն ու Իր Ավետարանը ոչ մի աղերս չունեն (թեև սա քարոզի նյութ կարող էր դառնալ): Կրոնական տոլերանտությունը շահարկվում է միայն կեղտոտ քաղաքական խաղերի ժամանակ, երբ որևէ երկիր ներխուժելու պատճառներ են փնտրվում, այն հիմնահատակ տակնուվրա անելու համար: 20-րդ դարի վերջ և 21 -րդ դարի սկզբին, պատերազմները էներգակիրների՝ նավթի և գազի պաշարներին տիրանալու պատճառով են, սակայն , պատրվակը՝ ժողովրդավարությունն է, որին հասնելու համար, հրահրվում են բախումներ, քաղաքացիական պատերազմներ: Մերձավոր Արևելքում, պատերազմները հիմնականում ընթանում են իսլամի ճյուղերի միջև և ասել, որ այսօր տեղի են ունենում կրոնական պատերազմներ (ի նկատի ունեմ պատերազմ քրիստոնեության և իսլամի միջև), կարծում եմ ճիշտ չեր լինի, քանի որ կարող ենք փաստել, որ բուն քրիստոնեությունը՝ անկախ քրիստոնեական երկրների վարած պատերազմներից, զերծ է մնում պատերազմի մեջ ներքաշվելուց: Քրիստոնեությունն այսօր ավելի հալածված կրոն է և հետապնդվում է ողջ աշխարհով մեկ, քան երբևէ եղել է պատմության ընթացքում: 
Միջիսլամական այս պատերազմում, տուժում են քրիստոնյաները, քանի որ ստիպված են լինում լքել իրենց բնակավայրերը: Քրիստոնեական երկրները, ոչ մի քայլ չեն ձեռնարկում պատերազմական գոտիներում բնակվող քրիստոնյա եղբայրների ապահովությունը երաշխավորելու համար: Ուստի, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և Եվրոպական երկրները, որոնք համարվում էին քրիստոնեական (քանի որ իրենց սահմանադրության հիմքում ընկած են Սուրբ գրային օրենքները), այսօր կամ աշխարհիկացված են կամ էլ իսլամացված: Եվրոպան խոսում է արաբերեն կամ թյուրքերեն: Արաբական գարնան պատճառով, քրիստոնեական համայնքները լքում են պատերազմական գոտիները, ապաստարան գտնելով Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Եգիպտոս, Լիբիա, Իրաք, Աֆղանստան և այսօր Սիրիա, այս երկրները քրիստոնեաթափ են եղել և տակավին դեռ քրիստոնյաների արտահոսք կա: Միջիսլամական այս պատերազմներում, միևնույն ժամանակ կատարվում են էթնիկ և կրոնական զտումներ, բայց ՄԱԿ- ի կողմից գրեթե ոչ մի լուրջ արձագանք կամ գործնական քայլեր չեն ձեռնարկվում այդ սպանդները կասեցնելու համար: Բնականաբար, Սիրիայում արդեն երկու տարի տևող և հարյուր հազարից ավելի զոհ տվող պատերազմը` քաղաքացիական չէ, քանի որ ութսուն հազարից ավելի գրոհայիններ, Սիրիա են եկել Չեչնիայից, Լիբիայից, Կատարից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից և ֆինանսավորվում են Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից, չմոռանամ նաև ԱՄՆ-ին: ՈՒստի, այս ահաբեկիչների նպատակն է ստեղծել միասնական իսլամական պետություն և այս նպատակին հասնելու համար, նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: 
Հայաստանը, Սիրիայում կորցնում է սփյուռքի ազդեցիկ քրիստոնեական համայնքերից մեկը և ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ կապակցությամբ: Չանրադառնամ Իրաքի հայկական համայնքին, որը պատերազմի պատճառով կրճատվել է երկու հինգերորդով ( 20000-ից մնալով 10000 քիչ ավելի),թեև իրաքյան հայությունն էլ Հայաստանում արժանացավ նույն ճակատագրին, ինչին որ այսօր բախվում են սիրիահայերը: Հայերը, Սիրիայում տեղի ունեցած ապստամբությունների կամ քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբեք չեն միջամտել, պահպանելով չեզոքություն, որը և ապահովել է նրանց անձեռնմխելիությունը, իսկ այսօր, նրանք վտանգված են, քանի որ ապստամբների, կամ ինչպես ասում են ընդդիմադիրների «կրոնի իրավունքի խորհուրդը », հրաման է արձակել, ըստ որի, թույլատրվում է քրիստոնյաների՝ այդ թվում նաև հայերի ունեցվածքը բռնագրավելու, իսկ դիմադրություն ցուցաբերողներին սպանելու: Հարկ է նշել, որ սիրիահայ համայնքը յոթանասունից մինչև ութսուն հազար է կազմում: Նրանց շարքերում քիչ չեն գործարարները, գործարանատերերը, նույնիսկ կառավարությունում ընդգրկված հայրենակիցներ ունենք: Այս համայնքի աջակցությունը միշտ էլ զգալի է եղել մեր երկրի համար: Սիրիահայ համայնքը, հայկական սփյուռքի ամենակազմակերպված և կայացած համայնքներից է:
Այսօր Հայաստանը խնդիր ունի հազարավոր ներգաղթաց սիրիահայերին աշխատանքով և սոցիալապես ապահովվելու հարցում: Զարմանալին այն է, որ ներգաղթածներից՝ երեք հազարից ավելին, գերադասել է հետ վերադառնալ Սիրիա: Կարծում եմ, որ սա իսկապես հեգնանք է Հայաստանի համար: Խնդիրը մտահոգող է, քանի որ որ ՀՀ կառավարության, սփյուռքի նախարարության «Արի տուն » ծրագիրը ձախողված է: Հայաստանի ներկայիս իշխանություններն ու առանց բացառության նաև ՀԱԵ-ին, ամեն հնարավորինը կատարեցին, որպեսզի սփյուռքի հայությանը հիասթափեցնեն և այն, որ սիրահայերը հայրենիքի «սերը, հոգատարությունն ու պաշտպանությունը» իրենց սեփական մաշկի վրա զգացին, կարծում եմ, որ իր ազդեցությունը կունենա հետագա Հայաստան-սփյուռք փոխհարաբերության վրա: Աշխարհաքաղաքական պատկերը շարունակում է ենթարկվել փոփոխությունների, ի՞նչպիսի դեմք կունենա Հայաստանը տասնամյակ անց և ի՞նչ դեր կունենա տարածշրջանում: Մինչ այս վերափոխումներն են կատարվում աշխարհում, Հայաստանի իշխանավորները զբաղված են բարքերի կուտակմամբ և ձևական կրոնապաշտությամբ, իսկ նրանց բարոյական անկումը, Հայաստանին սպառնում է պետականության կորուստով:

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին