«Մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Փաշինյանը կոչ է անում, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։ Խոստանում է ասվածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։
Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։ Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Բայց քանի դեռ վարչապետը, ձեռքի հետ, նաև դատախազի ֆունկցիաներն է ստանձնել, ուզում եմ հիշեցնել, որ նույն կերպ նա խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին անձնակազմին ու աշակերտներին բերած մի քանի դպրոցների տնօրեններին։
Եվ հիմա կռահեք 3 անգամից, թե այդ տնօրեններից քանիսն են գործից ազատվել... Ի հեճուկս այն հանգամանքի, որ ծառայողական քննությամբ հաստատվել է դասապրոցեսի հաշվին քարոզարշավ անելը։
Իսկ ինչո՞ւ այդ տնօրենները շարունակեցին պաշտոնավարել։ Քանի որ, ենթադրաբար, հրահանգ էին ստացել Ապարանի քաղաքապետից։ Իսկ Ապարանի քաղաքապետը ՔՊ-ի համար արժեքավոր տասովշիկ* է, ով շուտով իրենց թեկնածուն է լինելու Ապարանում։
Առհասարակ, ակնհայտ է, որ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը թեկնածուների նկատմամբ ճնշումների արդյունք է։ Այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի` (ՀյուսիսԿորեական ոճի) միայնակ մասնակցությունը։
* Տասովշիկ - ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ազդեցություն գործադրող ապաքաղաքական կերպար։
Հ.Գ. Շուտով կպատմեմ, թե ինչպես են կարողանում մի քանի թեկնածուի ճնշելով կանխեն ամբողջ կուսակցությանը առաջադրումը համայնքում (սատանան ընտրակարգի դետալներում է)»։
***
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նաև հայտնում է․ «Արմավիրի մարզպետը ինձ դատի է տալիս նրա համար, որ ասել եմ, որ մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Այդ ահազանգը կա և ես այն ճշգրիտ եմ ներկայացրել։ Ինձ ահազանգողը կա և անգամ համաձայն է, որ իրեն հղում անեմ։ Ասեմ ավելին, ահազանգի մի մասը հրապարակվել է սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում։
Իմ ասած ամեն բառ, ամեն տառ ճիշտ է և ես խնդիր չունեմ ապացուցելու, որ այդ ահազանգը հենց այդ կերպ իրոք ստացել եմ։
Իսկ Արմավիրի մարզպետը կարող է վիճարկել նաև երկնքի կապույտ լինելը կամ նյուտոնի օրենքները։ Դա իր իրավունքն է։ Բայց թող պատրաստվի իմ փաստաբանի ծախսերը փոխհատուցելուն, դա փոքր թիվ չի լինելու։
Հ․Գ․ Միաժամանակ սրտանց շնորհավորում եմ մարզպետին այն կապակցությամբ, որ Արմավիրը միակ մարզկենտրոնն է, որտեղ ՔՊ–ն միայնակ է մասնակցելու ընտրություններին։ Մյուս մարզերը «չկարողացան» ապահովել Ադրբեջանա–ՀյուսիսԿորեական վիճակներ»։