Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում որպես ավագ մասնագետ։ Եվ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։
Ասեմ ավելին. նման մարդկանց պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։
Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։
Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե՞ պահեմ»,- գրել է նա։
***
|
Կարդացեք նաև՝ պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ղեկավար կոչվածն ինչքան բանուգործ չունի անելու, որ մտել է համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք, պարզել, թե ով որտեղ է աշխատում ու դրա մասին մի խայտառակ արշավ սկսել Արտաշատի ղեկավարի թեկնածու, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ։ Գարշելի իրողություն, որը պարզ ողբերգություն է ցանկացած երկրի համար, որն ուզում է ունենալ ապագա։
Նպատակը պարզ է՝ փրկել Արտաշատի իր թեկնածուին, որին երեկ Հանրայինի եթերում գաղափարապես ջախջախեց Գերասիմը։
Այն, որ Գերասիմի դեմ մարտի ելածը ներկայիս ՏԻՄ ընտրութուններում բազմաթիվ նախկին ՀՀԿ-ականներ կամ ՀՀԿ-ի կողմից առաջադրվածներ է լցրել է գրպանը և ներկայացնում է իբրև «ՔՊ-ի մաքուր ու անարատ թեկնածուներ»՝ դա հեչ։ Հիմա էլ դա հայտարարում է, թե Գերասիմ Վարդանյանի կինն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին շատերը կապում են այլ ուժերի հետ կամ անձանց հետ․․․ Իսկ էդ շատերի մոտ առաջացած հարցը կարո՞ղ է, այնուամենայնիվ, ծագել է էս լուսանկարի մարդկանց տեսնելուց հետո։
Այո, Անահիտը, սեփական խելքով, օրենքով սահմանված կարգով անցնելով համապատասխան փուլերը, 2022թ․ մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։ Նրան Նիկոլ Փաշինյանը չի նշանակել, որ ազատի։ Բայց, եթե ՀՀ պետական համակարգը միջնադարյան Մամլուքյան սուլթանության է վերածվել, իհարկե՛ կարող է նաև հրամայել՝ ազատել։ Նման դեպքում կարող է նաև հրամայել, թե Անահիտի տեղում ով նշանակվի և ինչ գույնի շոր հագնի։
Հ․գ․ Իսկ Նիկոլ Փաշինյանը և իր խայտառակ համակարգը պիտի երազի ունենալ Անահիտի նման պարկեշտ ու գործին նվիրված մասնագետ»:
***
|
|
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանի գրառումը. «Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։
Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային հեռուստաընկերություն, ապա ինչո՞ւ ես նրա՝ բանավեճում պարտվելուց հետո ինքդ սկսում ուղիղ եթերներ մտնել հեռակա բանավեճ վարել իմ դեմ։
Երեկվանից քանի՞երորդ լայվդ ես անում, քանի՞երորդ ստատուսդ գրում՝ իմ հասցեին, ընտանիքիս անդամի հասցեին, իմ ուժի հասցեին։
Ուրեմն, ես քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։
Ես դիմում եմ Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով բանավեճի եթերաժամ տրամադրել ինձ և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք բանավիճենք Հանրայինի ուղիղ եթերում։
Դու մարդկանց բանավեճի հրավիրելով՝ հայտարարում ես՝ տղա եք, եկեք։ Հիմա ես եմ քեզ հրավիրում, արի՛ բանավեճի, բոլոր հարցերի պատասխաններն ուղիղ եթերով կստանաս»:
|