Երեկ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրում՝ Կիպրոսի դեմ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել՝ հորդորելով «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչին «քիթը չմտցնել իր գործերի մեջ»։
Այս խոսքերին ի պատասխան՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ․
«Թեման ցրելու» նուրբ արվեստը
Եղիշե Մելիքյանը հավաքականի հերթական խաղից հետո հետխաղյա ասուլիսում որոշեց անդրադառնալ նախորդ ամսվա իրադարձություններին։
«Քիթ խոթել» համարելով «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի՝ սեփական ֆուտբոլիստին պաշտպանելու փորձը՝ նա հավանաբար մոռացավ, որ հենց իր քայլերի հետևանքով է Ժիրայր Շաղոյանը ավելի շուտ լքել հավաքականի բազան և վերադարձել «Արարատ-Արմենիա»-ի հետ մարզումներին։
Նշենք, որ հենց Մելիքյանի «ոչ կառուցողական բնույթի» որոշումների հետևանքներն են, որոնք «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբին հաջողվել է հաղթահարել Ժիրայրի հետ համատեղ ջանքերի շնորհիվ՝ կարճ ժամանակահատվածում։ Դա թույլ է տվել ֆուտբոլիստին վերգտնել իր լավագույն մարզավիճակն ու վերջին խաղերում ցուցադրել իր լավագույն որակները՝ լինի դա «Արարատ-Արմենիա»-ի, թե ազգային հավաքականի կազմում։
Եղիշե Մելիքյանին մենք ենք հորդորում հետայսու «Արարատ-Արմենիա»-ի համեստությունը չշփոթել թուլության հետ և հրամայական տոնով չխոսել այն ակումբների հետ, որոնցից հատկապես «Արարատ-Արմենիա»-ն վերջին տարիներին եղել է հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող հիմնական ակումբներից մեկը։
Եվ վերջապես, արդյոք Մանուել Տուլիպայի խոսքը, որը պարզապես բարի հորդոր էր՝ փորձելու զսպել էմոցիաներն ու հարգանքով մոտենալ ֆուտբոլիստներին, հավաքականի վերջին ելույթների ֆոնին իսկապե՞ս արժանի էր ասուլիսում հիշատակման։
Ստացվում է, սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»։


