Եղիշե Մելիքյանի կոշտ արձագանքն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչին․ «Ոչ մեկին թույլ չեմ տա միջամտել իմ աշխատանքին»
Տեքստային տարբերակը՝ Սոն Յանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ ոչ-ոքիից (1։1) հետո կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է ոչ միայն հանդիպմանը, այլև ակումբների և հավաքականի մարզչական շտաբների փոխհարաբերություններին։
Եղիշե Մելիքյան. «Երբ աշխատում էի «Փյունիկում» և կոնֆլիկտ ունեի ֆեդերացիայի հետ, երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքին։
Հետևաբար, խորհուրդ եմ տալիս ակումբների մարզիչներին չմիջամտել իմ աշխատանքին։ Ես էլ երբեք չեմ միջամտում նրանց աշխատանքին։
Հիմա «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչին խորհուրդ եմ տալիս չմիջամտել իմ աշխատանքին։
Ես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ։ Թող բոլորն իմանան՝ երբ ֆուտբոլիստն ակումբից գալիս է հավաքական, դառնում է իմ ֆուտբոլիստը, և ես նրա հետ աշխատելու եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։
Ոչ մեկին թույլ չեմ տա միջամտել իմ աշխատանքին։ Յուրաքանչյուր մարզիչ ունի իր աշխատելաոճը։
Մենք էլ դեռ շատ բան ունենք ասելու, բայց կարծում եմ՝ պետք չէ դա անել։ Թող յուրաքանչյուրն իր գործով զբաղվի»։
Շաղոյանի և Թիկնիզյանի մասին
Մելիքյանը գոհ է մնացել Ժիրայր Շաղոյանի խաղից՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստին դեռ կայունություն է պակասում։ Նաիր Թիկնիզյանի խաղը մարզիչը բարձր է գնահատել։
Դարպասապահների մասին
Մելիքյանը գոհ է Ալեքսանդր Միշիևի ելույթից և նշել է, որ Գոռ Մատինյանը նույնպես կստանա իր հնարավորությունը։
Միրանյանը կվերադառնա, Ղարիբյանն ու Ռանոսը՝ ուշադրության կենտրոնում
Արթուր Միրանյանը հավաքական է ժամանել թեթև վնասվածքով, սակայն Լատվիայի դեմ հանդիպման հայտացուցակում կլինի։
Մելիքյանը ցանկանում է առաջիկա խաղերում ավելի լավ գնահատել Արթուր Ղարիբյանի և Հրանտ-Լեոն Ռանոսի հնարավորությունները։
Մարտավարության մասին
Մարզիչը բացատրել է, որ 4-1-4-1 սխեմայի ընտրությունը պայմանավորված էր կադրային խնդիրներով և Կիպրոսի խաղը չեզոքացնելու անհրաժեշտությամբ։
Նրա գնահատմամբ՝ հավաքականը կատարել է նախապես մշակված ծրագիրը, սակայն չի բավականացրել գրոհների եզրափակման որակը։


