Վերջին շրջանում մամուլում տարածվող տեղեկությունները ս.թ. ապրիլին կայացած միջոցառումների առնչությամբ պարունակում են թյուրըմբռնումներ և պահանջում են հստակեցում: Ֆասթ Բանկի ներգրավվածությունը վերաբերում է բացառապես ապրիլի 25-ի միջոցառմանը՝ ամրագրված գովազդային վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրով, որի շրջանակում Բանկը հանդես է եկել միմիայն որպես գովազդային ծառայությունների գնորդ։
Սա ստանդարտ բիզնես պրակտիկա է։ Ըստ պայմանագրի՝ կատարող ընկերությունը գովազդային ծառայությունները մատուցել է իր կողմից կազմակերպված և Հանրապետության հրապարակում 2026 թվականի ապրիլի 25-ին կայացած երաժշտական փառատոնի (միջոցառման) շրջանակներում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին Գյումրիում կայացած համերգի հետ Ֆասթ Բանկը որևէ առնչություն չի´ ունեցել։ Բանկը չի՛ կնքել և չի՛ ունեցել որևէ պայմանագիր։
Ֆասթ Բանկն իր մարքեթինգային արշավների շրջանակում կնքում է գովազդային ծառայությունների հետ կապված բազմաթիվ պայմանագրեր, այդ թվում՝ համերգների։ Մարքեթինգում սա լայնորեն կիրառվող պրակտիկա է և համահունչ է Բանկի՝ երիտասարդությանը որպես հիմնական թիրախային լսարան դիտարկելու ռազմավարությանը։
Ընդգծում ենք՝ Ֆասթ Բանկի կողմից որևէ կուսակցության, նախընտրական կամ ընտրական քարոզչության ֆինանսավորման կամ հովանավորության վերաբերյալ պնդումներն անհիմն են։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


