Խաղաղությունը կապ ունի ինքնասպանության այս նոր ալիքի հետ․ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակում ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ հարցին
Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։
«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասաց ՀՀ վարչապետը։
Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։
«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարեց Փաշինյանը։
Միաժամանակ նշեց՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։


