▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»

Օրերս «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիս էր հրավիրել` խոսելով հայկական կաթնամթերքի մասին. «Նմուշառվել են գրեթե բոլոր կաթնամթերք արտադրողները՝ «Աշտարակ կաթ», «Արզնի», «Երեմյան», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Անի», «Միլկին», «Բիոկաթ», «Բոնիլաթ» և «Իգիթ» արտադրատեսակները»։ Ընտրել են սննդի բնագավառում միջազգային հավատարմագրում ունեցող 3 լաբորատորիա եւ այնպիսի սուպերմարկետներ, որոնց սառնարաններն ապահովում են համապատասխան ջերմաստիճան: «Ըստ էության՝ «Իգիթը» չէինք էլ նմուշառի, պարզապես տարվա ընթացքում շատ էր խոսվում «Իգիթում» առկա խախտումների մասին, նաեւ կասեցվել էր: Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաղորդագրությունը մի փոքր տարօրինակ էր, քանի որ նախորդ տարիներին շատ ավելի մեծ տեսականի էր նմուշառվում: Իսկ այս տարի միայն մեկ տեսականու մասին էր խոսվում, եւ մեզ հետաքրքիր էր՝ իրե՞նք են քիչ ստուգել ու քիչ խախտումներ հայտնաբերել, թե՞ պատկերն այլ էր… «Իգիթի» արտադրած 200 գրամանոց չեչիլ պանրի մեջ մենք հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ինքն էլ հայտարարեց, որ «Իգիթում» հայտնաբերել է խախտում, եւ պանրի որոշ արտադրատեսակներ կասեցվել են»,- նշել է Պիպոյանը: «Կաթերից չենք ստուգել միայն «Արզնի» կաթի արտադրանքը, որը խանութում բացակայել է, և այդ ժամանակահատվածը համընկել է այն շրջանի հետ, երբ «Արզնին» կասեցված է եղել: Մնացած բոլոր ընկերությունների արտադրանքը նմուշառել ենք: «Աշտարակ կաթում» ունենք խախտում՝ աղիքային ցուպիկ ցուցանիշով, մնացած կաթերում, բարեբախտաբար, վիճակը լավ էր: Ընդգծեմ՝ խոսում ենք միայն այն ցուցանիշների մասին, որոնք ստուգել ենք: Ստուգել ենք նաև նշված բոլոր ընկերությունները, բացի «Իգիթից»: «Երեմյան» ընկերության 25% յուղայնության թթվասերում, «Արզնի կաթի» 20% յուղայնությամբ եւ «Բոնիլաթի» 17% յուղայնությամբ թթվասերներում հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Բնականաբար, 10 արտադրողից 3-ի մոտ խախտումն արդեն իսկ մտահոգիչ չէ, չնայած սրանք համեմատաբար ուրախ նոտաներն էին»,- մանրամասնել է ՀԿ նախագահը: Նրա խոսքով. «Կաթնաշոռերի շուկայում ունենք լրջագույն խնդիր, խախտումներ են հայտնաբերվել ոչ միայն աղիքային ցուպիկի, այլեւ խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշի մասով եւ կաթնաթթվային մանրէների մասով: Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են «Թամարա-Անի» կաթնաշոռում, «Մարիաննայի», «Աշտարակ կաթի», «Երեմյանի», «Միլկինի», «Բոնիլաթի», «Բիոկաթի», «Չանախի» և «Արզնիի» կաթնաշոռերում: Ընդ որում՝ խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշով շեղումներ են հայտնաբերվել «Բոնիլաթում», «Թամարա-Անիում», «Չանախում» եւ «Մարիլայում», «Արզնիում» և «Բիոկաթում»: Կաթնաթթվային մանրէները պակաս են եղել «Մարիաննայում», «Չանախում», «Մարիլայում» և «Միլկինում»: Կաթնաշոռի մասով կան ընկերություններ, որոնք միաժամանակ 3 ցուցանիշով ունեն խախտում, որոշները՝ 2 ցուցանիշով: Կան ընկերություններ, որոնց պարագայում մի լաբորատորիան տվել է, որ ունեն խախտում, մյուսը բացառել է խախտումը»: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը տեղեկացրել է, որ բոլոր տվյալները փոխանցելու են ՍԱՏՄ-ին, ներկայացնելու են նաեւ մեթոդաբանությունը, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը՝ խախտումներ հայտնաբերելու համար: Պատրաստվում են առաջիկայում ուսումնասիրել այլ սննդամթերքներ ևս:

ՍԱՏՄ-ն այս ամենի ֆոնին հայտարարում է, որ կասեցումներ արվել են, բայց ի՞նչ են տալիս սպառողներին կասեցումները, երբ շարունակվում է վտանգվել մարդկանց առողջությունը: Բաբկեն Պիպոյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասում է. «Ես նախքան ՍԱՏՄ-ի հայտարարությունը, ասուլիսի ժամանակ անդրադարձել էի նրանց գործունեությանը, կասեցումներին, դրանց արդյունավետությանը և այլն: Սննդամթերքի անվտանգությունն այնպիսի ոլորտ է, որ նույնիսկ մեծ կամքի դեպքում միայն կամքով խնդիրներ լուծել հնարավոր չէ: Այստեղ շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալիզմը, իսկ որ կա պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս, փաստ է: Կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկը ոլորտից ասի` «հորս արեւ, ես դարդ եմ անում, գիշերներն էլ չեմ քնում», ես իրավունք չեմ վերապահի ինձ կասկածի տակ դնել այդ խոսքի արժանահավատությունը, բայց խոսքը, կամքը՝ խնդիրները լուծելու համար շատ քիչ են: Խոսքը ոչ միայն ՍԱՏՄ-ին է վերաբերում, այլև՝ առողջապահության համակարգին, որը պետք է կոչենք ոչ թե առողջապահության համակարգ, այլ` հիվանդաբուժության: Դրա վառ ապացույցն այն է, որ արդեն մեկ շաբաթ է՝ բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից: Հինգշաբթի օրը կառավարության ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան հանձնարարականներ տվեց մի քանի կառույցների ղեկավարների, այդ թվում` առողջապահության նախարարությանը, սակայն նախարարությունը դեռ լուռ է, ինչը շատ վատ է: Նրանց մոտ գործում է «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքը»։

Մամուլ more