«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։ Դեսպանատան հյուրասիրությունը կազմակերպել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։
Եթե հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք և սննդի անվտանգության պահանջների խախտումներ, ապա ո՞վ է պատասխանատվության ենթարկվել։ Պաշտոնական աղբյուրները լռում են. չկա պատիժ։ Իսկ նմանատիպ այլ իրավիճակներում իրավապահները փութաջանորեն են գործում։
2026 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ քաղաքացի Ռուդիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արագ սննդի կետում պատրաստել և իրացրել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող շաուրմա, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ստացել են սննդային թունավորումներ և աղիքային ինֆեկցիաներ։
Իսկ դեսպանատնից, երբ 12 մարդ հիվանդանոցում է հայտնվել, խոշոր հյուրանոցային համալիրի խոհանոցում հայտնաբերվել են մանրէաբանական պահանջներին չհամապատասխանող սննդամթերք, ժամկետանց և առանց ժամկետի ապրանքներ, որևէ անձի նկատմամբ պատժամիջոցի մասին խոսք չկա։
Արմենիա Մարիոթ հյուրանոցային ցանցը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է Նիգողոս Դերսահագյանին։ 1996-ից ՀՀ-ում գործունեություն է ծավալում այդ ընկերությունը, որը գրանցված է ԱՄՆ քաղաքացի, Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջում գրանցված քաղաքացու անունով։
«Food Republic»։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց ընկերության ներկայիս իրական շահառուների վերաբերյալ ռեգիստրային տվյալները, որոնք ցույց են տալիս Հովիկ Եսայանի՝ 60.75% և Արսեն Հովհաննիսյանի՝ 39.25% մասնակցություն։ Արսեն Հովհաննիսյանի անունը Food Republic-ի պատմության մեջ նոր չէ։ Նա հրապարակային աղբյուրներում ներկայացվել է որպես ընկերության հիմնադիր և հետագայում նաև «Dom Arena»-ի տնօրեն։
Հենց այստեղից էլ բացվում է մեկ այլ՝ արդեն պետական փողի և արտոնության հետ կապված պատմություն։ 2021-2022 թվականներին Food Republic-ը և Hard Rock International-ը պայմանագիր էին կնքել Երևանում Hard Rock Cafe-ի բացման վերաբերյալ։ Նախագծին միացել էր նաև Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի համակարգի ներդրումային ընկերությունը։
Հրապարակային տվյալներով՝ ANIF-ի մասնակցությունը նախագծում կազմել է 48 տոկոս, իսկ «Entrepreneur + State Anti-Crisis Investments Fund»-ը ներդրել էր մոտ 500 հազար դոլար։ Նախագիծը իրականացվում էր «Dom Arena»-ի հետ։ Այդ ժամանակ «Dom Arena»-ի տնօրենը Արսեն Հովհաննիսյանն էր։ Նա հրապարակայնորեն խոսում էր ANIF-ի հետ համագործակցության մասին։ Իսկ այսօր արդեն հայտնի է նաև, որ ANIF-ը լուծարվել է, որտեղ, տարբեր հրապարակումների համաձայն, մսխվել է 25 մլրդ դրամ։ Andersen-ի 2026 թվականի ընկերության պրոֆիլում նշվում է, որ իրենք իրավաբանական աջակցություն են տրամադրել ANIF-ին Dom Arena-ից դուրս գալու գործարքում։
Երկրորդ խնդրահարույց արտադրողը «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է։ Բաց աղբյուրներում «Արաքս Թռչնաֆաբրիկան» ներկայացվում է որպես «X Group»-ի կազմում գործող ընկերություն, որի հիմնադիրը գործարար Խաչիկ Խաչատրյանն է։ Այսպիսով, այստեղ ևս խոսքը շուկայի փոքր խաղացողի մասին չէ։
Սակայն կրկին պետք է տարբերակել փաստերը։ Այն, որ «Արաքս»-ի կոնկրետ նմուշը չի համապատասխանել սալմոնելայի ցուցանիշով, փաստ է՝ ըստ Տեսչական մարմնի։ Այն, որ այդ կոնկրետ նմուշը դարձել է հուլիսի 14-ի ընդունելության մասնակիցների հիվանդացման պատճառը, հրապարակված տվյալներով դեռ ապացուցված չէ։
Այսպիսով, «վտանգավոր սնունդը ոչնչացվել է» ՍԱՊԾ պատասխանն այս պատմության անպատասխանատու մասն է։ Իսկ մարդկանց հիվանդացնելու համար պատասխանատո՞ւն ով է և ո՞վ պետք է պատժվի»։


