Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար, սակայն ոչ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։
«Լրատվությունից տեղեկացանք, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար։
Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։ Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի։
Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։
Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»,- նշել է Հայր Ասողիկը։


