«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հիմնական վտանգները: Նրա գնահատմամբ՝ Ամուլսարի նախագիծը կապված է ջրային ռեսուրսների, թթվային դրենաժի և թափոնների լուրջ ռիսկերի հետ։
Ցիանային տեխնոլոգիա ջրային ավազանի մոտ
Նախագծով նախատեսվում է ցիանային հարթակ՝ ոսկու արդյունահանման համար։ Բնապահպանների մտահոգությունն այն է, որ օբյեկտը գտնվում է Արփա և Որոտան գետերի ջրահավաք ավազանի մոտ, որտեղի ջրերը կապված են նաև Սևանա լճի ջրային համակարգի հետ։ Անկախ փորձագետների գնահատականներում նշվել է, որ ցիանային հարթակը մասամբ կընդգրկի Արփա գետ հոսող վտակի ավազանը, իսկ աղտոտիչները կարող են տարածվել նաև ստորերկրյա ջրերով։
Թթվային դրենաժ և լցակույտեր
Փորձագետները նախագիծը գնահատել են որպես թթվային դրենաժի և աղտոտիչների արտահոսքի բարձր ռիսկ ունեցող։ Կուտակվելու է շուրջ 150 միլիոն տոննա լցակույտ: Ոսկուց բացի՝ ապարներում առկա բոլոր հարակից քիմիական տարրերը ենթարկվելու են ակտիվ քիմիական գործընթացների:
Ռադիոակտիվ տարրեր
Չնայած հանքը շահագործող ընկերությունը կտրականապես հերքում է ռադիոակտիվության առկայությունը, գիտական աղբյուրները վկայում են, որ հանքավայրի տարածքում առկա է մոտ 75 տոննա ուրան և 25 տոննա թորիում:
Ինգա Զարաֆյանը նշել է, որ այս ամենի ֆոնին ոսկու պարունակությունը չափազանց աղքատիկ է՝ ընդամենը 0,78 գրամ մեկ տոննա հանքանյութի մեջ:
«Պատկերացնո՞ւմ եք՝ այդպիսի փոքր քանակություն վերցնելու համար դու պետք է ամբողջ տարածքն աղտոտես», - շեշտել է նա:
Բնապահպանն այժմ իրականացնում է հետազոտություն՝ պարզելու, թե ինչպես ստացվեց, որ ոսկու պաշարների առումով փոքր արժեք ներկայացնող հանքավայրի շահագործումն առաջ մղվեց՝ անտեսելով բնապահպանական և սոցիալական ահռելի ռիսկերը և Բեռնի կոնվենցիայի կոչը՝ կանգնեցնել Ամուլսարի շինարարությունը և վերանայել ՇՄԱԳ-ը։
«Էկոլուր» ՀԿ նախագահը ներկայացրել է նաև, թե ինչ քայլերի կոչ է արել Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի առնչությամբ, ինչպես է արձագանքել Շրջակա միջավայրի նախարարությունը և որոնք են նախագծի հիմնական բնապահպանական ռիսկերը։
Բեռնի կոնվենցիայի կոչերը
Ամուլսարի հարցը Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն արժանացավ 2020 թվականին՝ «Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը և դրա ազդեցությունն Էմերալդ ցանցի տարածքների վրա» վերնագրով բողոք № 2020/04-ը ստանալով։
2023 թվականին, երբ հայտնվեցին հանքի վերագործարկման նշաններ, կոնվենցիայի բյուրոն հարցը փոխանցեց մշտական հանձնաժողովին։ Վերջինս Հայաստանի կառավարությանը կոչ արեց՝
- դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը՝ հաշվի առնելով կոնվենցիայով պաշտպանվող բնակավայրերի և տեսակների վրա հնարավոր բացասական ազդեցություն
- վերանայել գործող ՇՄԱԳ-ը՝ հաշվի առնելով կենսաբազմազանության նոր տվյալները, տեղական գիտական և քաղաքացիական հասարակության փորձաքննությունը, ինչպես նաև՝ հնարավոր անդրսահմանային ազդեցությունները
- արագացնել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման գործընթացը, որի տարածքում ընդգրկված է Ամուլսար լեռը
- փակ քննարկումների փոխարեն ավելի ակտիվ ներգրավել քաղաքացիական հասարակությանը՝ Ամուլսարին և էմերալդ ցանցին վերաբերող գործընթացներում։
2024 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի Բյուրոն կրկին դիմել է Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով բողոքատուին ընդգրկել Էմերալդ ցանցի վերանայման խորհրդակցություններում և վերակենդանացնել «Ջերմուկ» ազգային պարկի շուրջ քննարկումները։ 2025 թվականի մարտին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կոնվենցիայի մշտական հանձնաժողովը կրկնել է նախորդ կոչերը՝ կանգնեցնել շինարարությունը, վերանայել ՇՄԱԳ-ը և արագացնել ազգային պարկի հռչակումը։
Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը Հայաստանի իշխանություններին կոչ արեց ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը մինչև Երևանում կայանալիք COP17-ը՝ ցուցադրելով կենսաբազմազանության պահպանության նկատմամբ հստակ և ամուր հանձնառություն։
Իշխանություններին կոչ է արվել նաև մինչև արդյունահանման աշխատանքների մեկնարկը Ամուլսարի ծրագրի համար իրականացնել նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
Էմերալդ ցանցի վերանայման վերաբերյալ խորհրդակցություններում ՔՀԿ մասնակցությունը պետք է լինի բովանդակալից, իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները պատշաճ կերպով հաշվի առնվեն և արտացոլվեն կայացվող որոշումներում։
Ըստ Ինգա Զարաֆյանի՝ Շրջակա միջավայրի նախարարությունն այս կոչերից ոչ մեկի առնչությամբ դրական որոշում չի կայացրել։
Աղբյուրն՝ այստեղ
Տեսանյութի սկզբնաղբյուրն՝ այստեղ


