Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հենց Մոսկվան է 2020 թվականի աշնանը կանգնեցրել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները պատերազմի ընթացքում ռուսական կողմի անգործության մասին։ Այս մասին ասվում է Զախարովայի՝ նոյեմբերի 7-ին հրապարակած մեկնաբանության մեջ։
ոսկվա մեկնելուց առաջ Սիմոնյանը հայտարարել էր, որ հակամարտության սրման ժամանակ դիմել է ռուսական կողմին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով, սակայն Ռուսաստանի կողմից գործուն քայլեր չի տեսել, մինչ հայ զինծառայողները զոհվում էին Լեռնային Ղարաբաղում։
«Չգիտենք՝ ում ոտքերն էր նա այն ժամանակ ընկնում, գուցե հիմա էլ շարունակում է նույնն անել», — պատասխանել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։
«Հենց Ռուսաստանն է և ոչ թե ուրիշ որևէ մեկը կանգնեցրել արյունահեղությունը տարածաշրջանում», — ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ապահովել է խաղաղ բնակչության անվտանգությունը, մարդասիրական օգնություն ցուցաբերել և զբաղվել ականազերծմամբ։ Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաջադրանքները կատարել են նաև սեփական կյանքի գնով։
Նա նաև հայտարարել է, որ 2021–2022 թվականների հետագա եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանի սահմանազատում և մարդասիրական հարցերի լուծում։
Զախարովայի պնդմամբ՝ այդ պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ, իսկ ներկայիս խաղաղ գործընթացն առաջ է ընթանում նաև ռուս միջնորդների առաջարկների հիման վրա։
Եզրափակելով՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման մասին, որի ժամանակ, իր խոսքով, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։
Զախարովան Մոսկվայի անգործության մասին հայտարարություններն ու ռուս խաղաղապահների դերի նսեմացումը որակել է որպես ճշմարտության խեղաթյուրում։
Դիտեք նաև՝


