▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամայի տարածքների փոխարեն կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, բայց մենք այդ խնդիրն ի վիճակի չենք լուծել»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ:
Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»։

Տեսանյութում Փաշինյանն ընդգծում է․ «Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի: Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի: Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի: Այն հատվածում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը: Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար: Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը: Մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել:

Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք․ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ բերում է հետևանքներ․․․ Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն»։

***

«Ջրային ոլորտում խնդիրների մի հսկայական հատվածը կապված է մեր ընդհանուր քամահրական վերաբերմունքի հետ ջրի նկատմամբ»,- այս մասին այսօր Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ դրսևորվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «դե ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»․․․ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է․․․

Իմ նշած պրոբլեմների մի զգալի մասը, ներառյալ խմելու ջրի մատակարարման քանակի և որակի հետ կապված, Խորհրդային Միությունում էլ են եղել։ Իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե այս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշումը։

Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի։ Այսինքն՝ սակագինը մի խնդիր է, սակագնի վճարման բանաձևերը երկրորդ խնդիրն են։

Մենք նաև պետք է ի վերջո ջրի շուկան ազատականացնենք։ Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Մենք պետք է նաև կարողանանք ջրի շուկա ձևավորել, և սա է այն բարեփոխումը, որը նաև ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա»,- ընդգծել է Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին