Թարմացում․ «CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից, այս մասին հայտնում են ընկերությունից՝ հերքելով այսօր մամուլում տարածված տեղեկությունը։
«Ս․թ․ մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ» վերտառությամբ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։
Հայտնում ենք, որ «CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից։
Ընկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և գործընկերներին, լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։«CPS» ընկերությունը շարունակելու է գործել թափանցիկության, վստահության և բարձր որակի ապահովման սկզբունքներով՝ վայելելով իր գործընկերների և հաճախորդների վստահությունը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
***
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ArmLur.am կայքի հետ զրույցում երեկ մի սենսացիոն հայտարարություն արեց։
«Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան, սպառողներին խաբեն», — ասաց նախարարը։
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն նախարարը հրաժարվեց պատասխանել, փաստեր և անուններ ներկայացնել։
Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթը իր կառավարական աղբյուրներից պարզեց, որ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը ՍիՓիԷս ընկերությունն է, որը դիզվառելիքի շուկայում հնաբնակներից է։
ՍիՓիԷս ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Տեղեկացնենք՝ «Սի փի էս էներջի գրուպ»-ը պատկանում է Աշոտ Սալազարյանին, որը իր բիզնեսը սկսել է 1994 թվականից։ Այս ընթացքում ընկերությունների անունները փոխվել են՝ «Քաղ Պետրոլ Սերվիս», «Սիթի Պետրոլ Գրուպ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», սակայն բրենդը նույնն է՝ CPS։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է»:


