▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Մկրտչյանին են վերագրել եղբոր ունեցվածքը, որը Հայաստանի ամենահայտնի գործարարներից է․․․

Լուսանկարում՝ Լևոն Մկրտչյանի եղբայրն է՝ Վահագն Մկրտրյանը՝ մարզիկներ Արսեն Հարությունյանի ու Արման Ծառուկյանի հետ

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Խայտառակվել, ուրեմն՝ մինչեւ վերջ։ Իշխանության այս ընթացքը սահմաններ չի ճանաչում։

Դեռ 2019 թվականին, երբ դաշնակցական երիտասարդները բողոքի արշավ էին ծավալել կրթության նախարության մոտ ի պաշտպանություն հայագիտական առարկաների, Հայ Առաքեական եկեղեցու, այդ օրվա նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ դաշնակցական նախարարների դեմ տուփերով քրեական գործեր ուղարկել։

Ոչինչ էլ չուղարկեց, քանզի չկային։

Հիմա էլ Դաշնակցության դեմ արշավում դատախազության կաբինետներում կարվում են կեղծ գործեր իբր անօրինական գույքերի բռնագանձման պահանջներով։ Այնքան դատարկ, սպիտակ թելերով կարված, որ փուչիկը պայթելուց հետո իրենց շեֆի հրաման կատարողները չգիտեմ ինչ երեսով են Երեւանում քայլելու։

Այսօր դատախազության ձեռքով իշխանությունը հակադաշնակցական թույնի հերթական դոզան հրապարակ նետեց։

Բայց ավելի խայտառակ բան դժվար է պատկերացնել։

Ուշադիր կարդացեք Լեւոն Մկրտչյանի գրածը։ Լավ, դատախազության այսօրվա հաղորդագրությունն ու հայց գրածը հայելու առաջ ինքն իրենից չի՞ ամաչում։

Լեւոն Մկրտչյանը պարզ ասում է՝ քանի որ դատախազությունում նույն տեքստի վրա են ապօրինի գույքի հայցերը կազմում, այդ իսկ պատճառով էլ մեկ ուրիշի հայցի վրա կազմված տեքստի վրա փոխել են Լեւոն Մկրտչյանի անունը, ու մոռացել են ջնջել մեկ ուրիշի գույքերի մի մասը, ու այն վերագրել մեր ընկերոջը։

Բացի այդ փնթիությունը, հայցում Լեւոն Մկրտչյանին են վերագրել եղբոր ունեցվածքը, որը Հայաստանի ամենահայտնի գործարարներից է, ու հայտնի է շատերին։

Այսքանը, թե ինչպես են կեղծիքով ու շոուով մարդկանց մոլորեցնում»։

***

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Դատախազության տարածած հաղորդագրությանը, նշելով.

«Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց․ հայցը վերաբերում է ինձ՝ Լևոն Մկրտչյանիս, ընտանիքիս անդամներին և մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է «փոխկապակցված»։

Ես գիտակցաբար զերծ էի մնում հրապարակային մեկնաբանություններից՝ ելնելով այն համոզմունքից, որ նման գործերը նախևառաջ պետք է քննվեն իրավական հարթությունում, իսկ դատախազության դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, ստուգված և վերջնական տեսքով՝ նախքան հանրային տիրույթում հրապարակելը։ Սակայն այսօրվա հաղորդագրության բովանդակությունն ու մատուցման ձևը պահանջում են մի քանի սկզբունքային պարզաբանումներ։

Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։

Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորշվել ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն անելուց հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի, 2026թ․ հունվար ամսին տասն անգամ ավել թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 2026թ․ մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ թիվ է։

Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին։

Երրորդ՝ հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքին։

Մեր երկրում հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում, հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее