▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցակների չերևացող կողմը․ ով ում ցուցակում է

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերն ու դաշինքները հրապարակել են նախընտրական ցուցակներ, որոնցում հետաքրքիր անուններ կան: Խոսքը հատկապես առաջին և երկրորդ տասնյակների մասին է, որոնք այդ ուժերի, այսպես կոչված, այցեքարտն են, անցողիկ կերպարները։
Իշխող «Քաղպայմանագրի» հետ կարծես թե ամեն բան պարզ է, այստեղ նոր անուններ չկան, ցուցակը ձևավորվել է «մենք-մերոնցով» սկզբունքով, իհարկե՝ միակ ինտրիգն այն է, որ թիմի առանցքային և կարկառուն ներկայացուցիչները, պաշտոնյաներն առաջին տասնյակում չեն հայտնվել, անգամ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը։
Ընդդիմության առաջատար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին հորիզոնականներում կարծես հանրությանը հայտնի դեմքեր են, այս ցուցակի չերևացող կողմը թերևս նախկին համայնքապետերի, նրանց տեղակալների կամ հարազատների հայտնությունն է։ Ակնհայտ է, որ ռեալ հաշվարկով են առաջնորդել և իրենց համայնքներում հեղինակություն վայելող ու ձայն բերող անձանց բավականին լավ տեղեր են հատկացրել։ Դիցուք, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը յոթերորդն է, նրան հաջորդում է Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Սկզբում հրապարակված 36 հոգանոց ցուցակում նա 25-րդն էր, Սամվել Կարապետյանի խմբագրումից հետո մտավ առաջին տասնյակ։ Ցուցակի 11-րդ համարը Արգիշտի Դարբինյանն է՝ Վանաձորի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին։ Նա էլ էր սկզբում հետին հորիզոնականներում, բայց քանի որ իրենց տարածքում Դարբինյանները մեծ հեղինակություն ունեն, ուստի որդին հայտնվել է անցողիկ տեղում։ Նրան հաջորդում է Գորիսի արդեն նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, որը նույնպես ընդունելի է իր համայնքում։

Համայնքապետերի կամ համայնքային պաշտոնյաների ցանկն այսքանով չի սահմանափակվում․ «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով այս ցուցակում են Ալավերդու նախկին քաղաքապետ, իշխանության ձեռամբ պաշտոնազուրկ դարձած Արկադի Թամազյանը, ինչպես նաև՝ Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանը։ Ցուցակում քիչ չեն նաև նախկին և ներկա իշխանությունների հետ ասոցացվող դեմքերը՝ Ռոբերտ Քոչարյանի ցուցակով 2021-ին պատգամավոր դարձած Արամ Վարդևանյանը երկրորդն է, Սերժ Սարգսյանի թիմի հետ ասոցացվող սահմանադրագետ Գոհար Մելոյանը` երրորդը, Էդգար Ղազարյանը` 13-րդը: Փաշինյանի իշխանության օրոք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ աշխատած Լիլիա Շուշանյանը` 18, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամազյանը` 17։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում, կարելի է ասել, ստատուս քվոն պահպանվել է՝ չնչին բացառություններով: «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանը 4-րդ համարն է, «Պոլիտիկի» խմբագիր Բորիս Մուրազին` 16-րդը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Առաջարկ Հայաստանին» անվանումը ստացած ԲՀԿ ցուցակն էլ տարբերվում է նրանով, որ այս կուսակցության երբեմնի ակտիվից հատուկենտ մարդիկ են ընդգրկված։ Կուսակցության ցուցակի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, ընդգրկված են քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, նախկին փոխարտգործնախարար Արա Այվազյանը, որը 4-րդն է, Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը կա, «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Մարտուն Գրիգորյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիելյանը, «Այլընտրանքային նախագծերի» ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» ցուցակից տպավորություն է ստեղծվում, որ նա օլիմպիական մասնակցության համար է առաջադրվել` հանրությանն անհայտ դեմքեր, ոչ մրցունակ թեկնածուներ, առաջին տասնյակն ամբողջությամբ գործող ավագանու կազմն է։ Իսկ ցուցակի երկրորդ համարը սկանդալային համբավով՝ «խնչած ունենալու» մասին հայտարարությամբ աչքի ընկած իր խոսնակն է՝ Հակոբ Կարապետյանը: Երրորդ համարը նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրն է՝ իրավապաշտպան Նարե Արամյանը, որն ավագանու անդամ է։
Սրբազան շարժումից հայտնի դարձած Սուրեն Պետրոսյանի գլխավորած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակում էլ իրենից բացի միակ քիչ թե շատ հայտնի անունը սահմանադրագետ Վարդան Այվազյանն է՝ երկրորդ համարը։

Հայաստանի արևմտամետ կոչվածներն էլ, ինչպես հայտնի է, առանձին-առանձին են մասնակցում, ցուցակներում հանրությանը հայտնի բոլոր սորոսական քաղաքագետներն են, քաղաքական գործիչները՝ Արամ Սարգսյանից սկսած, Արման Բաբաջանյանով, Հովսեփ Խուրշուդյանով, Լեւոն Շիրինյանով ու Գուրգեն Սիմոնյանով վերջացրած։
Բավականին ինտելեկտուալ ցուցակով է հանդես եկել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Երկրորդ համարը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է, առաջին կին թեկնածուն հանրությանը ոչ այնքան հայտնի դասախոս, իրավաբան փորձագետ Աստղիկ Մատինյանն է։ Այս ցուցակում է նաեւ բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը, որը եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտը, օգնականը, Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը: Այս ցուցակում է նաեւ Լիպարիտ Դրմեյանը` Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը, որին Փաշինյանն ազատեց 25թ. օգոստոսին` մի արտահայտության համար, որ ՀԷՑ-ի գործով միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր է կատարման համար: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում նշեց, որ կառավարությունը չի պատրաստվում կատարել արբիտրաժի որոշումը։ «Կառավարությունը ես եմ ... չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»,- ասաց նա։ Հաջորդ օրը Դրմեյանն ազատվեց աշխատանքից։ «Շանթ» կուսակցության առաջնորդ Շահեն Հարությունյանը՝ Շանթի որդին, ցուցակի չորրորդ համարն է: Այստեղ են նաեւ փաստաբաններ, իրավաբաններ»։

info@asekose.am/095519696
Մամուլ далее