▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտագործելով դպրոցի շինարարական աղբը` երեք տոնածառ են պատրաստել

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` դեկտեմբերի 15-ին, Երևանի կենդանաբանական այգին փոքրերին ու մեծերին հրավիրել էր բնական տոնածառի ընտրության, ինչպես նաև «Զարդարանքի տոն-մրցույթի», որտեղ  այցելուները կարողացան իրենց ամանորյա բնական սոճիների ընտրությունն իրականացնել, իսկ երեխաները` մասնակցել «Զարդարանքի տոնին»։

Միջոցառմանը ներկա էր կենդանաբանական այգու բարեկամ, Հայաստանում  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով մշտապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը.«Այն ինչ կապված է կենդանիների, երեխաների և բնապահպանական կրթության հետ` մեզ գրավում է և միշտ փորձում ենք մասնակցել։  Միայն այս ձյունը բավական է, որ տոն  ստեղծվի»։ Երեխաները յուրօրինակ զարդարանքներ պատրաստեցին և զարդարեցին իրենց սիրելի կենդանաբանական այգին։

Տոն-մրցույթին մասնակցեցին հանրակրթական դպրոցների շուրջ 50 աշակերտներ։ Լավագույնաշխատանքի հեղինակներն արժանացան մրցանակների։ Իսկ գլխավոր մրցանակը շնորհվեց մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին, ովքեր օգտագործեցին իրենց դպրոցի շինարարական աղբը և պատրաստեցին երեք տոնածառ։

Աշակերտները ստացան «Զարդարանքի տոն-մրցույթ» մասնակցության վկայական և մեկ տարվա անվճար այցելության հնարավորություն` Երևանի կենդանաբանական այգի,ինչպես նաև հուշանվերներ։

Օրվա տոնական տրամադրությամբ էլ այցելուները, ովքեր նախընտրում էին տոներին ունենալ բնական տոնածառ, ընտրեցին ամանորյա իրենց բնական սոճիները։

 Ի դեպ, բնական սոճիները կարող են ոչ միայն զարդարել Ձեր բնակարանը, այլև հրաշալի ամանորյա նվեր կարող են լինել Ձեր հարազատների համար։ Եվ  որ ամենակարևորն է, ծառերն արմատներով են` հատուկ ծաղկամաններով այն գարնանը տնկելու նպատակով։

Հենց այդ գաղափարից ոգևորված Երևանի կենդանաբանական այգի էին այցելել հայտնի հեռուստահաղորդավար և երգահան Անիտա Հախվերդյանը և նրա քույրը` լրագրող Նունե Հախվերդյանը.«Մենք այսօր երկու ծառ գնեցինք, քանի որ ունեմ աղջիկ, ով բնությամբ է ապրում, և կարևորը` ծառը կտրած չէ, այլ` շնչող է։ Սա մի նոր կուլտուրա է ներմուծում, որը լուծում է և բնապահպանական և մշակութային խնդիրներ»։ Ամանորյա տոների կապակցությամբ մինչև հունվարի 15-ը կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար կլինի անվճար։ Իսկ ս/թ.դեկտեմբերի 29-ից մինչև 2014թ. հունվարի 3-ը ներառյալ բոլոր այցելուների մուտքը կլինի անվճար։

Երևանի կենդանաբանական այգու մամլո ծառայություն

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more