▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն վայրում երրորդ անգամ վեր է խոյանում Ս. Հովհաննեսը. նոր եկեղեցի՝ Բերդի տարածաշրջանում

ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը(նախկին Շամշադինի շրջան) թերևս այն շրջաններից է, որն  ամենաշատը տուժեց խորհրդային ժամանակաշրջանի՝ սրբավայրերի ու եկեղեցիների կործանման  քաղաքականությունից:  Եկեղեցիների մի մասն այդ ժամանակահատվածում հիմնովին ոչնչացվեց, իսկ մի քանի պատմական հուշարձաններ թեև կանգուն են, բայց՝ չգործող: Ավելին՝  ԽՄ տարիներին և փլուզումից հետո դեռ երկար տարիներ այստեղ գործող եկեղեցի չկար:  Տարածաշրջանի առաջին գործող եկեղեցին սահմանամերձ  Մովսեսի Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 2011-ին:

Թերևս նաև սա է պատճառը, որ Բերդի տարածաշրջանում նոր եկեղեցու օծումը յուրահատուկ խանդավառությամբ ու ոգևորությամբ է ընդունվում՝ դառնալով համախմբման  առիթ:

Օրեր առաջ Վերին Կարմիրաղբյուր գյուղում բացվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Պատմում են, որ  դեռ 1500-ական  թվականներին նույն վայրում՝ նույն անվանմամբ փայտաշեն եկեղեցի է եղել, որն ավերվել է անհայտ պատճառներով: Ապա 1701-ին ավերված եկեղեցու տեղում նոր՝ արդեն քարե եկեղեցի է կառուցվել, որն էլ կրկին  կործանվել է Խորդային իշխանության տարիներին: Երկար տարիներ այստեղ խաչքար էր տեղադրված: Իսկ այսօր՝ կրկին նույն վայրում վեր է խոյանում արդեն երրորդ  Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Եկեղեցու բացման և օծման արարողությունն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով՝ համախմբելով տարբեր վայրերում ապրող Վերին կարմիրաղբյուրեցիներին: Այդ օրը գյուղը հյուրընկալել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խարատուրովին, Տավուշի մարզպետ Արմնեն Ղուլարյանին, ՀՀ ԶՈւ 3-րդ  բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին…

Եկեղեցին կառուցվել է ռուսատանաբնակ 80-ամյա Մաքսիմ Օհանյանի հովանավորությամբ:

«Եկեղեցու կառուցման ծրագիրը եղել է դեռ 2008-ից: Բայց քանի որ սոցիալական խնդիրները շատ էին, որոշեցինք նախ դրանց լուծում տալ, ապա մտածել եկեղեցու շինարարության մասին: Բարերարը` Մաքսիմ  Օհանյանն, ինձ հասկացավ: Ես էլ իմ հերթին խոստացա, որ այդ տարիների ընթացքում հնարավորինս կփորձեմ  լուծել սոցիալական խնդիրները: Եվ ահա ժամանակը եկավ, հայտ ներկայացրեցինք բարերարին»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:

Եկեղեցին կառուցվել է բնակիչների ջանքերով: Շինարարությունը տևել է մի քանի ամիս: Նոր սրբավայրի կառուցման գործում ունեցած ավանդի համար բոլոր շինարարներն արժանացել են պատվոգրերի:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more