▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե Աստված մեկ այլ ծրագիր էլ մեզ հետ ունի...

Այնքան խորհրդավոր և զարմանահրաշ է Հիսուսի հրաշափառ Ս. ԾՆՆԴՅԱՆ խորհուրդը, որի մասին մտածելիս ակամայից սիրտդ ու հոգիդ լցվում են հույսով, սիրով և հավատով: Եվ այդ խորհուրդն ապրելիս միշտ հիշում ես, որ նորածին Մանուկն ամեն վայրկյան ու ժամ մեզ հետ է, ով աշխարհ եկավ մեր փրկության համար: Մի ծնունդ, որ փոխեց ամեն ինչ. ժամանակն այլևս սկսեց այլ կերպ ընթանալ, մարդն իր կյանքը սկսեց արժևորել այլ չափանիշներով, և ամենակարևորը՝ Հիսուսի ծննդյամբ փարատվեց այն անորոշությունը, որ ապրում ենք ամենքս ինչ-որ ժամանակ՝ ինչո՞ւ ենք ծնվում, երբ մեկ օր պիտի մեռնենք հարցադրմամբ: Քրիստոսի ծննդյամբ և հրաշափառ հարությամբ այս խնդիրը լուծված է մեզ համար: Այսօր ուզում եմ փոքրիկ անդրադարձ կատարել Հիսուսի ծննդյան մի դրվագի վրա: Տեսեք, Տիրոջ ծննդյան ավետիսն առաջինը լսեցին պարզ հովիվները և ոչ թե ժամանակի մեծահարուստները կամ անվանի մարդիկ: Ընդհանրապես հովիվները մաքուր սրտով, արթուն մտքով և անկեղծ մարդիկ էին, ովքեր անխոնջ և նվիրվածությամբ իրենց հոտն էին պահպանում: Եվ ահա Աստված հենց նրանց ընտրեց՝ ցույց տալով, որ նմանատիպ մարդիկ տեղ ունեն Աստծո ծրագրի և արքայության մեջ: Եթե մենք էլ այդ հովիվների նման լինենք, ապա Աստված անպայման կայցելի մեզ և կդարձնի Իր կարևոր առաքելության իրականացողներից մեկը: Ուստի, եկե՛ք բացենք մեր սրտերը Տիրոջ առաջ և փորձե՛նք նմանվել այն հովիվներին, ի՞նչ գիտենք՝ գուցե Աստված մեկ այլ ծրագիր էլ մեզ հետ ունի........

 


Հայր Զաքարիա Բաղումյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more