▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գերագույն դավաճանի ուղերձը լի է կեղծիքով ու մանիպուլյացիայով»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ գերագույն դավաճանի ուղերձը լի է կեղծիքով, մանիպուլյացիայով ու, բնականաբար, դավաճանությամբ։
Փաստացի ասվում է՝ մեր արդարությունից եկեք հրաժարվենք, որովհետև ուրիշն էլ ի՛ր արդարությունն ունի։
Առաջին, սրանով փորձում է մեր ուղեղը լվանալ ռելյատիվիզմով։ Թե իբր ճիշտն ու սուտը հարաբերական են, ուստի ճիշտ ու սուտ չկա։ Եթե ճիշտ ու սուտ չկա, ուրեմն չկա և բացարձակ արժեք։ Եթե բացարձակ արժեք չկա, ուրեմն անիմաստ է կյանք տալ, նահատակվել բացարձակ արժեքների՝ Հայրենիքի ու Հավատքի համար։
Երկրորդ, հետևելով թուրքական քարոզչությանը՝ ըստ էության մե՛զ է մեղավոր կարգում Ցեղասպանության համար։
Երրորդ, լռության է մատնում 1915 թվի ուղիղ շարունակություն հանդիսացող Արցախի հայաթափումն ու բացահայտ մշակության եղեռնը։
Հ․Գ. Բա ո՞նց էղավ, որ ուրիշն իր «արդարությունից» չի հրաժարվում՝ եթե ճիշտը դա է»։

***

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նույնիսկ Հայոց ցեղասպանության այս ողբերգական օրն է թուրքի գործակալը օգտագործում իր քաղաքական քարոզի և թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար։
Հայտարարելով, թե «Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր», Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցեղասպանության հեղինակի մեղքը փորձում է խմբագրել՝ թուրքերի վրայից այն տեղափոխելու այլ երկրների վրա։
Ցեղասպանության պատճառ համարել քաղաքական մրցակցությունը և հայ ժողովրդին այդ մրցակցության մեջ օգտագործելը կոնկրետ թուրքական քարոզչական թեզ է, որով մեղադրվում է Ռուսաստանը։ Իբր թե հայերն ու թուրքերը համերաշխ ապրում էին, և միայն Ռուսաստանի հայտնվելուց հետո հայերին սկսեցին օգտագործել թուրքերի դեմ պայքարում։
Նիկոլ Փաշինյանը ևս օգտագործում է այդ կեղտոտ քարոզչությունը՝ փորձելով մաքրել թուրքական արյունոտ ձեռքերը, սակայն ոչ ոք չի կարող խմբագրել պատմությունը և պատասխանել, թե 1555 թվականին ո՞վ Հայաստանը երկու մասի բաժանեց ու թուրքերին բաժին հասած հատվածում սկսեց հայերի համընդհանուր ոչնչացում։ Թուրքերը։ Իսկ այդ ժամանակ Ռուսաստանը չկար այստեղ։
1700-ական թվականներին, երբ Ռուսաստանը մեր տարածաշրջանում չէր, ինչո՞ւ էին թուրքերը կոտորում հայերին և ինչո՞ւ էին Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը պայքարում Սյունիքի ու Արցախի հայերի գայության համար։
Էլի շատ փաստեր կան, բայց Նիկոլ Փաշինյանը և նրա հիմարների խմբակը փորձում են ցեղասպանության այս ոզբերգական օրը օգտագործել թուրքերին հաճոյանալու համար' ուրանալով պատմությունը և միլիոնավոր հայ նահատակների հիշատակը»։

***

«Անընդունելի է Նիկոլ Փաշինյանն իր էությամբ, ցանկացած խոսք, որ նրանից հնչում է անընդունելի է: Անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդն ըստ արժանավույնս կգնահատի այն մարդուն, որը բազմելով իշխանության գահին՝ փորձում է կոտրել մեր ժողովրդի ոգին, նրա ողնաշարը, նրա պայքարի ուժը․ մենք այդպիսի ղեկավարից պետք է ազատվենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։

***

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր այս ձախողված լրագրողը կրկին կիսվել է հայոց պետականության և ցեղասպանության մասին իր տնայնագործ մտքերով։
Նախ, մենք պետականություն ունենք այն պատճառով, որ 1918 թվականին Հայաստանում գտնվեցին մարդիկ, որոնք, ի տարբերություն նրա և իր աղանդավորների, կանգնեցին իրենց ժողովրդի պաշտպանության դիրքերում, այլ ոչ թե հանձնեցին իրենց ժողովրդին ու հայրենիքը, ինչպես արեցին սրանք։ Եթե 1918-ին նրա աղանդը լիներ իշխանության, Հայաստանը երբեք չէր լինի։ Սրանք կասեին. «Սարդարապատը Թուրքիա է, և վե՛րջ», ու կգնային հանձնելու ամբողջ Հայաստանը՝ դրսի փողի ու հովանավորության դիմաց։
Երկրորդ՝ այս անձնավորության պատճառով հայերը դարձան պատմության մեջ առաջին ժողովուրդը, որի կառավարությունը հանգիստ հետևում էր, թե ինչպես են սպանում ու իրենց տներից վտարում իրենց հայրենակիցներին։ Առաջին ժողովուրդը, որին իր քարոզիչները սովորեցրին ատել սեփական հայրենակիցներին։ Առաջին ժողովուրդը, որը փախստականներին ասում էր. «Ինչո՞ւ չէիք կռվում», «Ինչո՞ւ եկաք այստեղ»։ Նման բան պատմության մեջ երբեք չէր եղել։ Մենք դարձանք առաջինը։
Երրորդ՝ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային։ Ոչ ոք չի խոսել վրեժի, ատելության, տարածքների մասին։ Մենք խոսել ենք փոխադարձ հարգանքի, մարդկայնության և պատմական ճշմարտության մասին։ Միայն նման հիմքի վրա կարելի է իրական խաղաղություն կառուցել։ Եվ Թուրքիայում շատ ուժեր պատրաստ են նման երկխոսության։
Բայց դավաճանների, անհաջողակների և արժանապատվություն չունեցող մարդկանց հետ խաղաղության մասին չեն խոսում։ Նրանց հետ խոսում են կապիտուլյացիայի մասին։
Արդյոք սա կհամարձակվե՞ր ծաղկեպսակներ դնել Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի հուշաքարերի տակ։ Իհարկե՝ ոչ։ Իր տիրոջից մեկ զանգ Բաքվից, և նա ծնկաչոք կսողար նրա մոտ խոնարհվելու՝ ներողություն խնդրելով։
Նա գրեց Հայոց ցեղասպանության գրքի վերջին (հուսանք) գլուխը։ Նրան հաջողվեց հայաթափել Արցախը, ինչը դարեր շարունակ չէր հաջողվում ոչ մի օտարերկրյա զավթիչի։ Եվ հիմա չի ամաչում այդ մասին ճառեր արտասանել։
Իսկ հաջորդ ճառը, հնարավոր է, լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժման մասին՝ իր տերերի նոր հրամանով։ Դա արդեն այնքան էլ դժվար չէ պատկերացնել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more