Ինչպես ցանկացած քիչ թե շատ ոչ անտարբեր մարդ`հետեւում եմ Ուկրաինայում ընթացող զարգացումներին, ցավում եմ զոհերի համար նույնկերպ`ուզում է հայ լինեն, ուկրաինացի, թե չեչեն, հիանում եմ ազատասեր մարդկանցով, տհաճությամբ եմ ընկալում բռնությունները` բարիկադների որ կողմից ուզում է լինեն (խոսքն ինքնապաշտպանության մասին չէ):
Թե որքան եմ ցավում ու որքան` հուզվում, պարտավոր չեմ ցուցադրել սրա-նրա առջեւ, առավել եւս` որոշ ֆեյսբուքցիների, որոնք աջուձախ դեղնագույն թուք են շաղ տալիս նրանց հասցեին, ովքեր օրը չեն սկսում եւ ավարտում ուկրաինացիների մասին բոցաշունչ ու հիստերիկ ստատուսներով:
Այդքան լիաթոք չէ շնչառությունս, որ կարողանամ ե՛ւ մինչեւ քթածակերը աղբի մեջ խրված Հայաստանում կատարվող անարդարություններին արձագանքել, ե՛ւ Հայաստանից դուրս ընթացող անարդարություններին: Մանավանդ` շարժիչ ուժ էլ չունեմ. ո՛չ գրանտ եմ ստանում, ո՛չ երբեւէ ստանալու մտադրություն ունեմ, ոչ էլ` արեւմուտքցիներից մեդալ եմ ակնկալում` Հայաստանում նստած` դեպի Մայդանյան հրապարակ նետած իմ հերոսական ճիգերի համար:
Ու ոչ էլ լռությունս մանրախնդիր վրեժխնդրություն է ուկրաինացիների նկատմամբ, թե բա` երբ մե՛նք էինք պայքարում Ազատության հրապարակում, եւ երբ Հայաստանում Մարտի 1-ին տասը զոհ տվեցինք, ինչու՞ այդ նույն ազատասեր ուկրաինացիներդ պատեպատ չզարկվեցիք մեզ համար: Ամենեւին:
Ու մեկ էլ մի շատ պարզ բան եմ հասկանում` Մայդանում պայքարողներին ի պաշտպանություն աղեկտուր ճիչեր արձակելով` ընդամենը ոմանց դեղնագույն թքի ցայտյունից եմ գլուխս ազատելու: Է՛, բայց ինչու՞ էդ մարդկանց զրկենք այդկերպ ինքնահաստատվելու հաճույքից, հո չե՞նք թողնելու իրենց իսկ կյանքի համար վտանգավոր թունավոր թուքը կուլ տալով`շնչահեղձ լինեն:
Կարճ. իմ եւ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության շնչառությունը դժվարությամբ է բավականացնում Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի ամենօրյա թալանին, Հայոց բանակից գրեթե ամեն շաբաթ հերթական զոհի մասին գույժերին, անպատիժ վխտացող զինված մարդասպանների քաջագործություններին, դատարաննների լկտի ապօրինություններին արձագանքելու համար:
Ուզում եմ, շատ եմ ուզում, որ ողջ հողագնդի մարդկությունն ապրի ազատ ու երջանիկ, ուկրաինացիներն էլ` վերադիր, բայց այնքան մեծամիտ չեմ, որ մտածեմ` եթե ես ֆեյսբուքյան իմ էջում լալահառաչ ծվծվոցներ արձակեմ դրա մասին, էդ մարդկությունը հիացմունքից ուշաթափվելու է:
Հարգելիներս, ձեզ թվում է, որ կուշաթափվե՞ն ձեր ձայնը լսելով, ուրեմն` շարունակեք ֆեյսբուքյան բարիկադներում զոհաբերվել հանուն իրենց, տվյալ դեպքում`հանուն մայդանցիների: Միայն թե այդքան մի թքեք աջուձախ` դավադիր քամին երբեմն տհաճ անակնկալներ է մատուցում նմաններին:
Ձեզ թվում է, որ կուշաթափվե՞ն ձեր ձայնը լսելով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


