▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տառերի ճախրանք՝ արհեստների և արվեստի քաղաքում

Ծաղկագրեր, թռչնագրեր, կենդանակերպ տառեր ու վարդյակներ. հայոց գրերի գեղարվեստական հմայքը, ավելի քան 4 տասնյակ կտավի տեսքով, ներկայացվել է Գյումրիում: Լիբանանում ծնված և հայրենիքում ընտանիքով հաստատված Արմենուհի Սաղդասարյանը, հետաքրքիր ու ինքնատիպ ճանապարհ է ընտրել՝ հայի համար որպես աղոթք հնչող այբուբենի ոգին ու մատենագրության զարգացած պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու համար: Բատիկի տեսքով, հայկականության ոգով ներկայացվող անհատական երկրորդ ցուցահանդեսի վայրը ոչ պատահական ընտրվել է արհեստների և արվեստի քաղաքը: Գյումրեցիներն ու զբոսաշրջիկները 14 օր հնարավորություն կունենան բացահայտել հայկական հնագրության՝ մատենագրության, մանրանկարչության, զարդանկարչության և զարդագրության խոսուն պատմությունը:


Մեր մշակութային ժառանգությամբ ոգևշնչված՝ բոլոր ժամանակների ստեղծագործողները ձգտել են հայոց  ծաղկագրերը ներկայացնել վառ երևակայությամբ ու վարպետությամբ: Գեղեցիկն արարելու ցանկությունը նախ երազանքի, ապա՝ անպայման իրագործվող նպատակի է վերածվել նաև Արմենուհու մոտ: Ութ տարի առաջ, նա հաճախել է բատիկ-մետաքսանկարչության դասընթացների՝ նկարելու տեխնիկա սովորելու համար: Հայոց տառերին նոր շունչ հաղորդելու նրա երևակայության հիմքում եղել է երկրի, հայի ինքնության ու մեր մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ ունեցած սերը: Որքան նուրբ է կտավի հիմք հանդիսացող՝ մետաքսյա կտորը, նույնքան հեքիաթային՝ թռչնագրերի երկխոսությունը: «Սաղարթի» լուծումներն ինքանտիպ են, լի նոր շնչով ու  գեղարվեստական յուրօրինակ լուծումներով: Հետաքրքիր են ոչ միայն տառերի ձևն ու հորինվածքը, այլև ծաղկի,
կենդանու, թռչունի վերածված տառի խորհուրդը: Գրեթե բոլոր գործերում լսելի է բնության ձայնը, ներկայանալի՝ կենաց ծառն ուհավերժության գաղափարը:


« Պետք է գնահատել այն, ինչ ունենք. մեր մշակութային ժառանգությունը, տառն ու գիրը: Ես ընտրել եմ ոսկեղենիկ հայերենն ապրեցնելու՝ իմ ճանապարհը: Ներկայացնում եմ թռչնագրերի երկխոսություն՝ ձգտելով գեղեցիկի կողքին արտացոլել նաև հոգևորը: Ուզում եմ, որ այս կտավները դիտողը ցուցահանդեսից տանի մտորելու , ինքնաչանաճման, մերը գնահատելու, արժևորելու լիցքեր: Այս ինքնատիպ տառերի մեջ նկատի ոչ միայն բնության չորս տարերքները՝ հողը ջուրը օդն ու կրակը, այլև կյանքի խորհրդանիշը. հողի մեջ պահ տված սերմը, ջրից ծլարձակվող սաղարթը, արևից սնվող բնությունն ու օդի՝ շունչ տալու ուժը: Արարչագործական քառյակի այս շղթան համերաշխ  երկխոսություն է: Իսկ կենաց ծառի արտահայտած հավերժությունը՝  կարևոր խորհրդանիշ »,-համոզված է Սաղարթի հիմնադիր և ստեղծագործությունների հեղինակը:


Չորս ցուցահանդես, որից երկուսը՝ անհատական: Բոլորն էլ հաջողված և կարևոր ասելիքով: Արմենուհի  Սաղդասարյանը ձգտում է հնարավորինս նուրբ և գեղեցիկ լուծումներով ապրեցնել այն, ինչի շնորհիվ մեզ հաջողվել է անցնել դարերի միջով. հայոց այբուբենի հզոր ուժն ու հայի կամքը: Դե իսկ նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարում, կարևոր մարտահրավեր է արմատները պահպանելն ու զարգացնելը: Արմենուհին վստահ է, որ հավերժության տանող բանալին մեր ինքնությունը գնահատելն է: Գյումրիում, երիտասարդական պալատի ցուցասրահում ներկայացված՝ հայկական տառերի տիեզերականությունն ու ոգեղենությունը այդ ուղղությամբ մտորելու նախաձեռնություններից հերթականն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին