ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։ Ֆակտոր.am-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, թե իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։
«Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել, ըստ նախնական եզրակացության՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով»,- նշվում է պատասխանում։
Քաղաքապետարանը շարունակում է պնդել, թե տեղափոխման գործընթացում ներգրավված մասնագետները գործել են պատշաճ։ Սակայն պատասխանում հստակ անդրադարձ չկա բուն հարցին՝ ինչո՞ւ է որոշվել դիմել «բարձր ռիսկայնություն» ունեցող գործողությունների, որոնք նախապես փաստաթղթավորված են եղել։ Նշվում է, թե որոշ հարցերի սպառիչ պատասխաններ կտրվեն միայն քննության ավարտից հետո:
Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ:
«Կենդանաբանական այգի տեղափոխված մնացած բոլոր կենդանիները բավարար վիճակում են, պայմաններում և պատշաճ հսկողության ու խնամքի ներքո են»,- նշում են քաղաքապետարանից:


