▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը մատաղ արեց սերնդին, պահանջում ենք հարգել մեր որդիների արյունը. զոհվածների ծնողները դեմ են տոնակատարությանը

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր  պահանջում են հարգել իրենց զավակների հիշատակը: Նրանք դեմ են  Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարությանը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 21-ին։

http://asekose.am/filemanager/uploads/Karavarutyan_shenq.jpg

«Պահանջում ենք կառավարությունից, որ հարգեն մեր զինվորներին, հարգեն արյունը, որը թափվել է այս հողի վրա։ Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է՝ չհաշված մարզերի պանթեոնները, չհաշված ընտանեկան շիրիմները։ Բոլորը պարտավոր են հարգել մեր երեխեքին», - ասաց ծնողներից մեկը։

Նա նշեց, որ Փաշինյանի այն ներողությունը, որը նա երեկ խնդրել է  իր «գունագեղ» արտահայտության համար, իրենց՝ որդեկորույս ծնողներին պետք չէ։

«Ներողությունը պետք է խնդրեր այն ժամանակ, երբ որ երեխեքին տարավ թուրքերի բերան։ Այդ ժամանակ թող մտածեր, որ ներողություն պետք է խնդրի ու կանգնեցներ պատերազմը, ոչ թե այսքան երեխաներ զոհվեին ու մենք այս օրին հասնենինք։ Ինչո՞ւ պետք է այսքան սգավոր ծնողներ գան, հասնեն այստեղ ու կանգնեն, դա պատշաճ չէ», - ասաց նա։

Կառավարության շենքի մոտ հավաքված ծնողները պահանջում էին, որպեսզի իրենց ներկայացնեն սեպտեմբերի 21-ի «տոնակատարության» ծրագիրը, որպեսզի ծնողները հասկանան, թե ինչ «կերուխում» է նախապատրաստում իշխանությունը։

Ծնողներից մեկն էլ նշեց, որ Փաշինյանը կարող էր այլ կերպ արտահայտվել, ինչը ընկալելի կլիներ բոլորի համար։

«Կարող էր ասել, որ չի ուզում Հայաստանը կործանված տեսնել, կարող էր ասել, որ թշնամին թող չուրախանա, որ այս վիճակում ենք, մենք ծնկի չենք գա, բայց ի՞նչ է նշանակում՝ «գունագեղ» ու «նվիրում է հերոսներին»։ Հերոսներին այդպես չեն նվիրում, ինքը մատաղ արեց սերունդին։ Կարելի է ոչ թե վերքի վրա աղ լցնել, այլ նուրբ խոսել։ Ինքը փշրեց մեր ընտանիքները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին