▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԾԱՂՐՈՒՄ ԵՆ, ՎԻՐԱՎՈՐՈՒՄ, ՀԵԳՆՈՒՄ…

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի այնպիսի հայտարարություն է արել, որը զայրացրել է հանրության շատ շերտերի ներկայացուցիչների, վրդովմունքով լցրել նրանց հգիները: Տնտեսագիտական համալսարանում կառավարության ղեկավարը հրապարակավ ասել է. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել` չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»: Իսկ Ազգային ժողովում էլ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը հայտարարել է. «Մեր ժողովուրդը ծույլ է, պետք չէ նրան փող տալ, նա սիրում է տանը նստել ու նպաստ ստանալ»: Ինչպես վարչապետի, այնպես էլ կառավարության անդամի տեղակալի հայտարարությունները չեն կարող տեղավորվել բանականության տիրույթներում: Եթե վարչապետիօ հայտարարությունը սվորական դեմագոգիա է, ապա փոխնախարարի գնահատականը՝ ակնհայտ ցինիզմ և ոտնձգություն մեր ազգային արժեհամակարգերի և ազգային նկարագրի վրա: Քաղաքակիրթ որևէ երկրում նման հայտարարություն անող պաշտոնյային անմիջապես պաշտոնանկ կանեին, իսկ մեզ մոտ փոխնախարարը շատ հանգիստ, անգամ քմծիծաղով նայել է նստածներին ու հեռացել՝ գիտենալով, որ իրեն ոչ ոք չի նեղի նման գնահատական հնչեցնելու համար:
Մենք փորձեցինք պարզել, թե ո՞ր ոլորտներն է նկատի ունեցել վարչապետը սոցիալական նպաստ ստացողների համար: Եթե հաշվի առնենք, որ նպաստ ստացողների գերակշռող մեծամասնությունը նախկին բանվորներ են, արհեստավորներ կամ էլ մասնագիտություն չունեցող մարդիկ, ապա նրանց առավել նպատակահարմար կլիներ ուղղորդել դեպի որոշ շինարարական կազմակերպություններ: Մենք հետաքրքրվեցինք, թե որքան է օրավարձը շինարարական կազմակերպություններում: Մասնագիտություն ունեցողները՝ կռունկավարները, զոդողները ստանում են մինչև 6 հազար դրամ: Ամսական, եթե հաշվարկենք վեցօրյա աշխատանքային շաբաթ, կազմում է 144 հազար դրամ: Կարծես թե վարչապետի նշած թիվը գերազանցում է: Իսկ ահա շինարար-բանվորների համար սահմանված է 1500-2000 դրամ: Այս թիվն էլ բազմապատկենք աշխատանքային օրերով և կստանանք 39 000-58 000դրամ: Ի դեպ, հենց այսքան էր վճարում ,,Գնենդել Հիլզը,, Գյումրիում… Կռունկավարներ կամ զոդողներ շատ պետք չեն, հիմնականում անհրաժեշտ են բանվորներ: Ուրեմն, վարչապետի մատնանշած թիվն այս ոլորտում իրականությանը չի համապատասխանում: Մենք աշխատաբորսաներում ևս հետաքրքրվեցինք և տեղեկացանք, որ 100-120 հազար թվերը ուռճացված են, կապ չունեն իրականության հետ: Գուցե վարչապետն ի՞նքը մի ցուցակ հրապարակեր և ներկայացներ այն թափուր աշխատատեղերը, որոնք հենց նման աշխատավարձեր են տալիս: Եվ հետո, եթե կառավարության ղեկավարը խոսում է 100-120 հազար դրամի մասին՝ ինքն էլ գիտենալով, որ դա շատ է սոցիալական նպաստից, բայց բավարար չէ ցանկացած ընտանիքի գոյատևման համար, ինչու՞ նվազագույն աշխատավարձի չափ սահմանել տվեց 35 հազար դրամը, որը յուրատեսակ ,,կաշառք,, է բոլոր գործատուներին: Գիտենք, որ Հայաստանում շատ գործատուներ աշխատում են աշխատավարձերի վճարման մի քանի ցուցակներով, որ շատերը նշում են նվազագույն շեմը՝ հարկեր վճարելով այդ շեմի հաշվարկով, մինչդեռ իրականում շատ ավելի են վճարում իրենց աշխատռղներին…
Ֆինանսների փոխնախարարի հայտարարությունն էլ բացահայտ վիրավորանք է մեր ժողովրդի հասցեին: Հայ մարդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, իր ընդունակություններով: Միայն հայ մարդը կարղ էր այս քարաստանում այգիներ ու պարտեզներ ստեղծել, հացատիկի ցանքատարածություններ ձևավորել, երբեմնի ավերակ տարածքը երկրի վերածել: Հայ մարդու աշխատասիրության ու եռանդի մասին խոսում են աշխարհի բազմաթիվ երկրներում, հայ շինարարների ձեռքերով են կառուցվե;լ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, մինչդեռ մի փոխնախարար հանկարծ հայ մարդուն ծույլ է անվանում՝ չհասկանալով, որ դա շարունակությունն է Իլհամ Ալիևի՝ մոտ երկու ամիս առաջ Բաքվում արած այն հայտարարության, թե՝ ,,հայերը ծույլ են, չեն սիրում աշխատել, դրա համար էլ ուրիշների հողերն են զավթում, որպեսզի վայելեն ուրիշների ստեղծած բարիքները,,: Լսելով, որ հայ փոխնախարարը իր գաղափարակիցն է, Ալիևը կարող է հետայսու նրան հղում անել՝ ասելով, որ կարծիքը բաժանում են նաև հայաստանյան պաշտոնական շրջանակները… Մեզ հետաքրքրեց, թե ի՜նչ մեծ աշխատասիրության տեր է եղել տիկին Հունանյանը, որ նշանակվել է ֆինանսների փոխնախարար: Ընդամենը 35 տարեկան այս տիկինը 1998 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մետալուրգիայի ֆակուլտետը, սակայն չգիտես ինչպես մետալուրգի կրթություն և մասնագիտություն ունեցող անձը հանկարծ հայտնվել է բանկային ոլորտում, 1998-2000 թվականներին հանդիսացել «Մելլաթ բանկ» դ/բ ՓԲԸ աշխատակից, SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու, 2001-2005 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարիչ: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի համար երևի կարևոր չի եղել, որ տնտեսագիտական կրթությամբ բազմաթիվ շնորհալիներ մնացել են գործազուրկ, ոմանք ստիպված հեռացել են երկրից, իսկ նա գլխավոր բանկում պատասխանատու պաշտոններ է վստահել մետալուրգին: Գուցե անհրաժեշտ էր ԿԲ-ի չհրկիզվող պահարաննե՞րի սրահները ,,հորատել,,… 2005թ. Լիանա Հունանյանին արդեն նշանակել են ՀՀ Կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան: Նա այս ընթացքում հասցրել է ստանալ Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտացմամբ: 2007-ին նա արդեն դարձել է ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան, 2010 թ. մարտից` ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, 2010 թ. սեպտեմբերից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, իսկ այս տարվա հոկտեմբերին էլ նշանակվել է ֆինանսների փոխնախարար…
Միանգամայն ակնհայտ է, որ այս տիկնոջ պաշտոնական առաջխաղացումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանով: Դե, եթե ,,շեֆը,, մի բան է ասում, ենթական էլ պիտի նրան լրացնի…


Գրառումը` ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին