▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր էլի ամաչեցինք .... մեր իսկ չտեսության ու մուրացկանի հոգեբանության համար

Այսօր հայ գործարար Ս. Ալեքսանյանի երեխաների կնունքի արարողությունն էր Ս. Երրորդություն եկեղեցում: Ինչ խոսք մկրտության արարողությունը մարդու, քրիստոնյայի կյանքում եզակի ու անկրկնելի իրադարձություն է և որևէ մարդու երազանքն է անշուշտ, որ այն անցնի գեղեցիկ, զարդարուն ու հիշարժան: Սակայն ոչ միշտ է երազանքն ու իրականությունը, ցանկությունն ու հնարավորությունը համապատասխանում: Սակայն սրանով հանդերձ կարևորը մարդու մկրտվելն է և ոչ թե եկեղեցու զարդարանքի ճոխությունը, վզի խաչի նյութը կամ դրա ծանրությունը, հետո բացվելիք քեֆի սեղանի առատությունը ու էլի շատ հանգամանքներ, որ այսօրվա հայաստանյան իրականության մեջ տիրապետող են ու երբեմն ավելի են կարևորվում, քան բուն խորհուրդն է: Ինչ որ է: Իսկ Երրորդություն եկեղեցում չափազանց էր զարդարանքների ճոխությունը, նույնիսկ ճչացող ու ընդհանուր միջավայրի հետ ոչ համահունչ. թեև եթե անկեղծ ասեմ, եկեղեցու բակւմ հավաքված մուրացկանների հետ որքան էլ կոնտրաստիկ էր նույնքան էլ ցայտուն ցույց էր տալիս Հայաստանի ներկայիս վիճակը` հղփացած օլիգարխիզմից մինչև թշվառ մուրացկանություն .... Ու բնականաբար այս արարողությունն էլ անմասն չմանց տիպիկ հայաստանյան իրողություններից` չտեսություն, մուրացկանի հոգեբանություն, քծնանք, շողոքորթություն ..... մի խոսքով բաներ, որ ոչ միայն հարիր չեն մկրտության արարողության համատեքստին ու օրվա խորհրդին, այլև քրիստոնեությանն առհասարակ:
Բայց և սկսենք մեկ առ մեկ
Ես չեմ կարող պատկերացնել, որ վաղը Ս. Ալեքսանյանի երեխաները Աստծո համար ավելի են քան հայաստանյան ու ոչ միայն հայաստանյան, այլև աշխարհի բյուրավոր մանուկներ, ովքեր մկրտվում են չափազանց համեստ պայմաններում, նույնիսկ աղքատիկ վիճակում, կախված ունեցած նյութական հնարավորություններից: Չեմ պատկերացնում, որ նրանք ավելի վատ քրիստոնեաներ կլինեն, քան այսօրվա նորամկրտվածները, թեև անկեղծորեն ցանկանում եմ, որ նրանք իրապես վայելեն Աստծո շնորհները: Նաև չեմ կարող պատկերացնել, որ նման գռեհիկ վիերաբերմունք հնարավոր էր դրսևորել մարդու հավատացյալի հանդեպ, ինչպես որ դրսևորեցին Ալեքսանյանի արբանյակները այսօր եկեղեցի հաճախող մարդկանց հանդեպ, երբ թույլ չտվեցին մտնել եկեղեցի: Այ պարոն Ջիվան Հակոբյան, ձեր մակարդակի ու կրթվածության չափը երևաց մեկ ակնթարում, ու թեև լրագրողուհին չգրեց այլ միայն տեսագրեց այն կեցվածքը, որ Դուք ունեիք այսօր, սակայն ես գրում եմ և ասում. Դուք ով էլ լինեք, իրավունք չունեք մարդուն արգելել մտնել եկեղեցի, Աստծո տուն. Եկեղեցին Ձեր համար հանդիսությունների սրահ չի և Ձեր սեփականությունը չի, Եկեղեցին հենց ժողովուրդն է, որի մի մասնիկը նաև Դուք եք, սակայն սովորական առտնին քծնանքն ու շողոքորթությունը, պնակալեզի ու մուրացկանի հոգեբանություն կուրացրել է Ձեզ: Այս պարոն Հակոբյան,  Դուք ուղղակի ձեր վերադասի քաջալերական շպտրված ժպիտին կամ մի երկու կոպեկին արժանանալու համար պատրաստ եք և մատնեցիք ձեր աստծուն այնպես, ինչպես ժամանակին Հուդան Հիսուսին երեսուն արծաթով:
Երբ այս տարի նախագահը քավոր դարձավ մեր շախմատիստներից մեկի պսակադրությանը, ես առիթ ունեցա այդ օրը լինելու Ս. Սարգիս եկեղեցում. անշուշտ զարդարանք կար, սակայն ոչ այս չափ, անշուշտ հսկողություն կար, և այս դեպքում բնական է, երկրի նախագահն էր գալու, սակայն երբեք եկեղեցին չփակվեց հասարակ հավատացյալի առաջ: Ինչ ուրեմն դուրս է գալիս, որ Սամվել Ալեքսանյանն ավելին է, քան Սերժ Սարգսյանը .... եթե նախագահը փորձում է համեստության ու պատշաճության սահմանները պահել, ապա ով է Սամվել Ալեքսանյանը, որ իրեն պահի արաբական շեյխի նման այն էլ եկեղեցում: Ի դեպ հենց այսպիսի մարդկանց էր հիսոսւ վտարում Տաճարից մտրակելով ..... ովքեր լումայափոխներ էին ու Աստծուն փոխել էին դրամով ու աղունիկերով:
Երբ այս տարի բացվեց Աբովյանի եկեղեցին, բացման և օծման արարողությունից հետո հյուրասիրության վերջին տեսարաններն ինձ համար թեև ազգային ամոթի ու խայտառակության ցայտուն վկայություն էին, բայց ինձ մխիթարեցի նախ այն հանգամանքով, որ մարդիկ սոված են ու դժվար շրջան է երկրում ու սոցիալական վիճակը լարված է և երկրորդ երբ տեսա թե բաքվում ծաղկետոնից հետո ոնց էին ազերիները բառացիորեն <<պռճոկում>>-թալանում ծաղիկներն ու զարդարանքները: Բայց այն, որ նույն ձևով, ոչնչով ազերիներից չտարբերվելով հայը կարող է <<պռճոկել>>-թալանել եկեղեցու զարդարանքներն ու ծաղիկները .... սա արդեն գոնե իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում ու խոսում է ազգային ողբերգության հասարակական այնպիսի դեգրադացիայի մասին, երբ այլևս մենք հասարակություն կամ հանրություն լինելուց սկսում ենք դադարել ու նմանվել նախնադարյան նախահոմոսապիենսյան մարդկային հոտի: Սրանք հարցեր են, որ պիտի անդրադառնանք ու հասկանանք, որ կան ավելի վեհ ու կարևոր գաղափարներ ու սկզբունքներ, քան քծնանքը, շողոքորթությունը պնակալեզությունը և .... նայեք ձեզ հայելու առաջ ու շարքը շարունակեք ինքնուրույն:


Արսեն Լևոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին