▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները

Հետք․am-ը գրում է․ «Հայաստանի համայնքներում թափառող շների ստերջացման համար բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում, սակայն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ։ Համայնքային մրցույթում հաղթած «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն շներին ստերջացրել են առանց պատշաճ անեսթեզիայի (անզգայացում)։ 

«Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն մասնակցում է համայնքներում իրականացվող թափառող կենդանիների ստերջացման մրցույթներին։ ԱՁ-ն գրանցվել է 2024-ի մարտին, գրանցման հասցեն Վանաձոր քաղաքում է։ Ստերջացման մրցույթերին մասնակցում է ամենուր որտեղ հայտարարվում է։ 2024-2025 թթ. մասնակցել է Մասիս, Ալավերդի, Վանաձոր, Նոր Հաճն, Գավառ, Բերդ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արզնի համայնքներում։ 2025-ին հաղթել է մեկ անգամ Սիսիանում, 2 անգամ՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ տարեսկզբին և տարեվերջին՝ պարտավորվելով կատարել ընդհանուր 350 շան ստերջացում։ Պայմանագրերի գումարն ընդհանուր կազմել է 8 մլն 88 հազար դրամ։

«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է Չարենցավան համայնքի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի միջև 2025 թ․ հունվարի 17-ին կնքված պայմանագրի շրջանակում իրականացված թափառող կենդանիների ստերջացման աշխատանքները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կենդանիների անզգայացումից ու հետվիրահատական ցավազրկումից մինչև վիրահատությունների սանիտարահիգիենիկ պայմաններ։

Կասկածներն առաջացել են այն ժամանակ, երբ ուսումնասիրել է Մասիսի և Չարենցավանի համայնքապետարաններից ստացած «Նորոգում ՍՊԸ»-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի՝ կենդանիների ստերջացման մրցույթների կատարողական փաստաթղթերը։

«Երբ սկսեցի ուսումնասիրել թերթիկները, նկատեցի, որ կենդանիների քաշերը տարբեր են, օրինակ, 2 կգ, 12 կգ, բայց նշված դեղանյութի (անեսթեզիայի դեղամիջոցի, հեղ.) չափաբաժինը նույնն է՝ 10 մգ։ Նույնը վերաբերում էր նաև մյուս տվյալներին․ սրտի զարկերը, շնչառության հաճախությունն ու ջերմությունը կենդանիների փաստաթղթերում կրկնվում էին։ Երբ ավելի քան 50 թերթիկ ես ուսումնասիրում ու տեսնում, որ փոխվում է միայն կենդանու քաշը, իսկ մյուս տվյալները մնում են նույնը, կասկածներ են առաջանում»,- պատմում է Գալստյանը։

«Նորոգում» ՍՊԸ-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի գործունեության վերաբերյալ «Արդարության տուն» ՀԿ-ն փորձագիտական ուսումնասիրություններ է պատվիրել, որը իրականացրել է «Շունն ու կատու» անասնաբուժական կլինիկայի ղեկավար Վասիլի Անդրեևիչ Մալյուկովը։ Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ թե՛ Չարենցավանում, թե՛ Մասիսում թափառող շների ստերջացման ծրագիրն իրականացվել է անասնաբուժական ու միջազգային չափանիշների կոպիտ խախտումներով։

Մասիս համայնքում «Նորոգում» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերում ստերջացված 53 շան տվյալները կրկնվում են՝ մարմնի նույն ջերմաստիճանը՝ 38 աստիճան, սրտի զարկերը՝ 68 զարկ րոպեում։ Նույն են նաև անզգայացման 20-րդ րոպեին գրանցված ցուցանիշները։ Փորձագետը նշում է, որ 53 կենդանու համար նույն ցուցանիշները կենսաբանորեն անհնար է, որ լինեն, հետևաբար կան փաստաթղթերի կեղծման ակնհայտ նշաններ։ 

Մասիսի համայնքապետարանի գնումների բաժնի պետը՝ Քոչար Խաչատրյանը, նշեց, որ ուսումնասիրել են «Նորոգում» ՍՊԸ-ի կատարողական թերթիկները, նկատել, որ չի համապատասխանում տեխնիկական բնութագրին և չեն վճարել։ Դատական հայց են ներկայացրել պայմանագիրը միակողմանի լուծելու համար, սակայն Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Նորոգում» ՍՊԸ-ի՝ պարտավորեցնելով վճարումը կատարելու։ «Արդարության տուն» ՀԿ-ն իր փորձագիտական եզրակացությանը հիման վրա հայց է ներկայացրել, որի հիման վրա վարույթ է ընդունվել։ Գործը քննության փուլում է, այդ պատճառով վճարումը չի իրականացվել։

Մի շարք խնդիրներ են արձանագրվել նաև Չարենցավանում «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի կողմից թափառող շների ստերջացման ժամանակ։ Մասնավորապես վիրաբուժական միջամտություններն իրականացվել են դրա համար չնախատեսված, ոչ ստերիլ կենցաղային մակերեսների վրա՝ փայտյա տախտակներին, պահարաններին, կտորե ծածկոցներին և անմիջապես շներին տեղափոխող ֆուրգոնի հատակին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Հասարակություն more