▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու հետքերով․ ինչո՞ւ է ժամանակին հեռուստաընկերության դեմ բողոք ներկայացրած Հակոբյանը մեղադրում պետությանը

ՄեդիաՀաբը  գրում է․Մեկ տարի առաջ ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության հավանությանն արժանացած նախագծի ընդունմամբ, որով հանրային հեռարձակողը նախկին երեք ալիքի փոխարեն այսուհետ կարող է երկու ալիք հեռարձակել, փաստացի իշխանությունները իրավական հիմք ստեղծեցին հանրային հեռարձակողների շարքում կրթական, հոգևոր-մշակութային հաղորդումների պահանջարկն ապահովող «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու համար։
 
Իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած նախագծին օրենքի ուժ տալով՝ «Շողակաթը» դուրս թողնվեց հանրային հեռարձակողների ծրագրից: Եթե մինչ այդ օրենքի ընդունումը պետական բյուջեի ֆինանսավորմամբ հանրային հեռարձակողը երեք ալիք էր սփռում՝ Հանրային հեռուստաընկերությունը, «Լրատվական ալիքն» ու «Շողակաթը», ապա իշխանական պատգամավորների նախաձեռնության համար կանաչ լույս վառելուց հետո օրենսդիրն ու գործադիրը փաստացի պետությանն ազատեցին հանրության համար հոգևոր, մշակութային և կրթական բովանդակություն ապահովելու կարևոր առաքելությունից՝ հերթական անգամ ի ցույց դնելով իշխանության անպատասխանատու վերաբերմունքը հանրության հոգևոր-մշակութային և մտավոր դաստիարակության հարցում։
 
«Շողակաթ» տեսալսողական ծրագրի միջոցով հեռարձակվող «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտությունն իշխանական պատգամավորները հիմնավորում էին նրանով, թե երեք հեռարձակողի դեպքում պետական միջոցներն արդյունավետ ու թիրախային չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես։ Նրանց կարծիքով՝ հեռարձակողների թվի կրճատումը թույլ կտա առկա ֆինանսական միջոցներն ավելի նպատակային օգտագործել, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել հստակ տարանջատված գործառույթներով երկու հանրային հեռարձակողների գործունեությունը, բարձրացնել նրանց ֆինանսական կայունությունն ու ծրագրերի որակը։
 
Հետաքրքիր է, որ բոլոր գերատեսչությունները, որոնց մինչև օրենքի ուժ տալը կարծիք հայտնելու համար ներկայացվել էր նախագիծը, հավանություն էին տվել դրան՝ առանց դիտողությունների և առարկությունների։ Թե՛ արդարադատության, ֆինանսների ու ԿԳՄՍ նախարարությունները, թե՛ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դրական կարծիք էին ներկայացրել։ Եվ միայն Հանրային հեռարձակողի խորհուրդն էր առարկել նախագծի դեմ՝ նշելով, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։
 
«Նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու։ Մեր գնահատմամբ՝ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Մշակութային ուղղվածության տեսալսողական ծրագրերի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել ազգային ինքնության պահպանման և մշակութային ժառանգության փոխանցման համատեքստում»,- գրված է Խորհրդի ներկայացրած գրության մեջ։
 
Խորհուրդը նաև անդրադարձել է ֆինանսական խնդրին՝ նշելով, որ եթե մշակութային և կրթական ուղղվածության բովանդակության սփռումը վերապահվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը», ապա անհրաժեշտ կլինի հատկացնել նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ պետական ֆինանսավորումը, որը հատկացվում էր «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությանը», օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ այլևս բավարար չի լինելու ցանկալի արդյունք ստանալու համար։
 
Չնայած բոլոր այս առարկություններին և մտահոգություններին՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունն արդեն մեկ տարի է՝ հանրային հեռարձակողի կողմից չի սփռվում, փոխարենը այն գործում է առցանց տարբերակով՝ արդեն որպես մասնավոր հեռուստաալիք՝ զրկվելով նաև պետական բյուջեի հատկացումներից։
 
Այս թեման վերջերս նորից արծարծվեց Ազգային ժողովում՝ բյուջեի քննարկման ժամանակ, երբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով հանրային հեռարձակման համար նախատեսված երրորդ ալիքի անհրաժեշտությանը, ասաց, որ «Շողակաթը» փակելը սխալ քայլ էր ու իշխանավորներին մեղադրեց կիսադատարկ հանրային մուլտիպլեքս ունենալու համար։ Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ «կտրուկ կնվազի այն բովանդակությունը, որը կատարում է մեր պետության տեղեկատվական և քարոզչական ուղղվածությունը և սպասարկում է հայկական օրակարգը, ոչ թե օտար երկրների»։
 
Նա հիշեցրեց, որ «Շողակաթը» կրթական, մշակութային հանրային հեռուստաալիք էր և շատ կարևոր ֆունկցիա էր իրականացնում։
 
«Այսինքն՝ պետությունը հրաժարվեց մի գործիքից, որով ինքը կարող էր ձևավորել այն կրթական և մշակութային միջավայրը, որը մեզ ծայրաստիճան անհրաժեշտ է»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց Տիգրան Հակոբյանը՝ «Շողակաթի» փակման մեղավոր կարգելով իշխանական պատգամավորներին ու պետությանը։
 
Նրան հակադարձելով՝ օրենքի հեղինակներից, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, թե պետությունը որևէ հեռուստաընկերություն չի փակել։ Տիգրան Հակոբյանն էլ արձագանքեց․ «Դա օրենսդրությամբ է եղել, ուրեմն պետությունն է փակել։ Հանրային հեռուստաընկերությունն ուներ երեք հեռուստաընկերություն, օրենքով սարքեցիք երկուսը, և «Շողակաթը» փակվեց։ Ես չեմ ուզում շարունակել, բայց մենք պիտի հասկանանք, որ «Շողակաթը» կրթական, մշակութային հանրային հեռուստաալիք է և շատ կարևոր ֆունկցիա էր իրականացնում»։
 
Առնվազն զարմանալի են Տիգրան Հակոբյանի դիտարկումները հեռուստաալիքը փակելու վերաբերյալ, քանի որ նրա ղեկավարած կառույցը դեռ նախորդ տարի հնարավորություն է ունեցել կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իր այս դիտարկումներն անելու, այլ ոչ թե նշելու, որ առարկություններ, դիտողություններ ու առաջարկություններ չունի։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ անգամ այն ժամանակ ԱԺ քննարկումների ժամանակ Տիգրան Հակոբյանը որոշակի առարկություններ էր ներկայացրել, որոնք, սակայն, նախագծի քվեարկության վրա որևէ ազդեցություն չունեցան։
 
Հակոբյանն այն ժամանակ առաջարկել էր հեռուստաալիքը փակելու փոխարեն խնդրի այլ արդյունավետ տարբերակ գտնել, որպեսզի «Շողակաթը» շարունակի ծառայել հասարակությանը, քանի որ, ի վերջո, դա հանրային հեռարձակողների ալիքներից մեկն է։ Այդուհանդերձ՝ Հակոբյանը բացահայտել էր, որ մոտ երկու տարի առաջ ՀՌՀ-ն նամակ էր ուղարկել Հանրային հեռարձակողին՝ տեղեկացնելով, որ «Շողակաթը» չի կատարում օրենքով ստանձնած պարտավորությունները, թե իբրև այն կրթական կամ մշակութային ուղղվածություն չուներ, կրթական հաղորդումներ գրեթե չկային, և հեռուստաալիքը հիմնականում հոգևոր հաղորդումներ էր սփռում։ Հակոբյանը նշել էր, թե «կրթական ալիքը չի կարող եթերում մշտապես հեռարձակել քարոզներ, որոնք հաճախ միջնադարյան կամ խավարամիտ մտածողություն են արտահայտում և չեն համապատասխանում կրթական բովանդակությանը»։ «Կարծում եմ, որ Հանրային հեռարձակողը պետք է ունենա կրթական և մշակութային նշանակության ալիք՝ առանց արտաքին միջամտության»,- ընդգծել էր ՀՌՀ նախագահը՝ ակնարկելով ու թիրախավորելով Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։
 
Եվ հիմա ՀՌՀ նախագահի մեղադրանքները տարակուսելի են, որովհետև փաստացի նաև նա է խթան տվել ՔՊ-ականներին՝ «Շողակաթի» հանրային ազդեցությունը սահմանափակելու և պետական միջոցներից ու հանրային հեռարձակումից զրկելու համար։ «Շողակաթին» ուղղված նրա մեղադրանքներին ի պատասխան՝ հեռուստաընկերությունից տեղեկացրել էին, որ ինչպես բոլոր հանրային հեռարձակողների, այնպես էլ իրենց հաղորդացանցը հաստատվում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից, և Խորհուրդը որևէ առարկություն չի ներկայացրել հաղորդումների բովանդակության և ուղղվածության վերաբերյալ։
 
Իսկ Հանրային հեռարձակողների 2024 թվականի գործունեության վերաբերյալ Խորհրդի հրապարակած տարեկան հաղորդման մեջ ներկայացված տեսալսողական ծրագրերի առանձին բաժինների ծավալները փաստում են, որ հեռուստաընկերության հեռարձակած հոգևոր հաղորդումներն ու հոգևոր-մշակութային լրատվությունը միասին կազմում են հեռուստաբովանդակության 20,5%-ը, մնացածը մշակութային բովանդակություն է եղել։

Ինչ վերաբերում է ֆինանսների անարդյունավետ ծախսմանը՝ «Շողակաթին» պետական միջոցներ հատկացնելով, ապա այդ մասով ևս հեռուստաընկերությունը պարզաբանել էր, որ պետական պատվերով պատրաստվող հաղորդումների ծավալը չի գերազանցել 24 ժամ հեռարձակվող բովանդակության 1/3-րդ մասը։ Սակայն նույնիսկ այդ հաղորդումների պատրաստման համար պետական միջոցներն ամբողջությամբ չեն բավարարել, և այդ բացը լրացվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ցուցաբերած աջակցության շնորհիվ։ Նաև այդ աջակցության շնորհիվ է հնարավոր եղել, որպեսզի հանրային հեռարձակողը ի զորու լինի հոգևոր-մշակութային ծրագրեր սփռելու, քանի որ պետությունը՝ հանձին իշխանությունների, զլացել է լիարժեքորեն ֆինանսավորել իր վրա դրված ուղղակի պարտավորությունը ստանձնած ընկերության գործունեությունը։
 
Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող, այժմ Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաստուդիայի գեղարվեստական ղեկավար Աննա Սարգսյանը հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու համար MediaHub-ի հետ զրույցում անհրաժեշտ համարեց հստակ արձանագրել, որ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն լուծարվել է ՀՀ կառավարության որոշմամբ, որը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերին: Այդ որոշման համար հիմք է ծառայել դեռևս հոկտեմբերին ԱԺ ՔՊ խմբակցության կողմից բերված օրենսդրական փոփոխությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որով Հայաստանի Հանրապետությունը ազատվել է հոգևոր-մշակութային բովանդակությամբ հանրային հեռարձակող ունենալու պարտավորությունից:
 
«ԱԺ-ում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի պնդումն առ այն, թե իրենք «Շողակաթը» չեն փակել, փաստազուրկ է: Ավելին, վերը նշված օրենսդրական փոփոխության հեղինակներից մեկը հենց ինքն է եղել՝ իր գործընկեր Թագուհի Ղազարյանի հետ միասին։ Ինչպես գիտենք, «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հեռարձակում էր հենց «Շողակաթ» հեռուստածրագիրը: Իշխանական՝ օրենսդիր և գործադիր թևերի փոխլրացնող համագործակցությամբ է փակվել «Շողակաթ» ծրագիրը, և հանրությունը զրկվել է ոչ կոմերցիոն բովանդակությամբ՝ հանրօգուտ կրթական, հոգևոր, մշակութային, մանկական հաղորդումներով հագեցած հեռուստաալիք ունենալու հնարավորությունից: Սրանք, ի վերջո, փաստաթղթավորված, այլևս պատմական փաստեր են և որևէ անհատի մեկնաբանության կամ կարծիքի հարցեր չեն»,- ասաց Աննա Սարգսյանը՝ փաստելով, որ ՊՆ նախարարի հրամանով նույնկերպ լուծարվեց Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը՝ գնդերեցների ինստիտուտը, կամ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ դպրոցներում պարտադիր առարկաների ցանկից դուրս դրվեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան:
 
«Թվարկումը կարելի է շարունակել՝ ընդհուպ հասնելով հակասահմանադրական ու հակակոնվենցիոն գործողությունների՝ Հայ եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Եթե սրան գումարենք նաև զուգահեռ ընթացող մեդիա տեռորը, կհասկանանք, որ գործ ունենք համակարգային նախագծի հետ»,- նշեց մեր զրուցակիցը՝ այս բոլոր գործողությունները եկեղեցու դեմ արշավի համատեքստում դիտարկելով։
 
Մնացած բոլոր հիմնավորումներն ու արդարացումները ընդամենը հորինովի պատրվակներ են, որոնք որևէ փաստական հիմք չունեն։ Հանրային հեռարձակող ունենալը պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Հայաստանի քաղաքացին հարկ է վճարում պետությանը նաև հանրային հեռուստաընկերությունների ծառայությունն ապահովելու համար, այդ թվում՝ մշակութային ուղղվածության հեռուստաալիք, որը կապահովի հանրօգուտ, ոչ կոմերցիոն մեդիա բովանդակություն՝ ազգային արժեքներից և հոգևոր պահանջներից բխող։
 
Մշակութային բովանդակությունը, հեռուստատեսային բիզնեսի տեսակետից, չի կարող մրցակցել կամ գերազանցել ժամանցային, լրատվական կամ քաղաքական հաղորդումների դիտելիությանը, որը իբրև պատրվակ են ներկայացրել «Շողակաթի» փակման համար՝ նշելով, թե սպասվող դիտելիություն հեռուստաալիքը չի ապահովում։ Եթե պետական իշխանության մարմինները այդպիսով հրաժարվում են իրենց պարտավորությունների կատարումից, ապա ոտնահարում են մշակութային, հոգևոր ու կրթական բովանդակության պահանջարկ ունեցող քաղաքացիների իրավունքը։
 
Ինչպես նշում է Աննա Սարգսյանը, մի հարցում ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը ճիշտ է. թե՛ ինքը, թե՛ շատ այլ թվային օգտատերեր իրենց հեռախոսների հավելվածներում կամ թվային այլ գործիքներով շարունակում են դիտել «Շողակաթի» հաղորդումները:
 
«Այո, «Շողակաթի» հաղորդումներն այլևս հանրային մուլտիպլեքսում չեն, այսինքն՝ պետությունը չի ապահովում դրանց հասանելիությունն իր քաղաքացիների համար, բայց դրանք հեռարձակվում են ցանցային օպերատորների միջոցով և համացանցային հարթակներում: Թվային տեխնոլոգիան էլ, ինչպես գիտենք, 21-րդ դարի մարդկության ձեռքբերումն է: Յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն օգտվում է այդ ձեռքբերումներից՝ իր նպատակների և կարիքների համաձայն»,- եզրափակեց նա:
 
Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հասարակություն more