▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է վերահսկում մասնավոր լողավազաններում ջրահեղձության դեպքերը. . . Կրկին՝ Reebok-ում տեղի ունեցած ողբերգության մասին

Հասմիկ Համբարձումյանը գրում  է. «Երևանի Reebok սպորտային ակումբի լողավազանում օգոստոսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, 26-ամյա աղջիկը խեղդվել է: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով սեպտեմբերի 23-ին մահացել է։

Այս ողբերգությունը հանրային լայն քննարկման առարկա չդարձավ։ Ինչպես սովորաբար լինում է։ Մինչդեռ շատերս ենք այցելում նման սպորտային ակումբներ, և լողավազանի անվտանգությունը վերաբերում է բոլորիս։

Երեկ կարդացի դեպքի մասին, և դրանից հետո մի շարք հարցեր ինձ հանգիստ չեն տալիս։

Ի՞նչ է տեղի ունեցել լողավազանում։ Ո՞վ է առաջինը նկատել, որ աղջիկը վտանգի մեջ է, և որքա՞ն արագ է օգնություն ցուցաբերվել։ Դեպքի պահին ո՞վ էր հետևում լողավազանին։ Տեղում եղե՞լ է փրկարար կամ համապատասխան պատրաստվածություն ունեցող աշխատակից։ Եթե եղել է, ի՞նչ գործողություններ է ձեռնարկել։

Լողավազանը մասնավոր ընկերությանն է պատկանում, բայց բաց է այցելուների համար։ Մարդու անվտանգությունը չի կարող կախված լինել մեկ այլ այցելուի ուշադրությունից, թե ասենք՝ ով որքան արագ կարող է նկատել վտանգը և արդյոք նկատելու դեպքում կկարողանա՞ օգնել։

Պետական մարմիններից ևս հստակ պատասխան է պետք. ո՞վ է վերահսկում մասնավոր լողավազաններում ջրահեղձության դեպքերը կամ դրանց կանխարգելումը, ի՞նչ պահանջներ են գործում փրկարարի ներկայության և արտակարգ իրավիճակին արձագանքելու համար, և ե՞րբ են վերջին անգամ ստուգվել այդ պահանջները։

Լողավազանների համար սանիտարահիգիենիկ պահանջներ սահմանված են, բայց ես չգտա հստակ պատասխան, թե որ մարմինն է վերահսկում հենց ջրահեղձության կանխարգելման միջոցները։ Եթե այստեղ կարգավորման կամ վերահսկողության բաց կա, պետությունը պետք է այն լրացնի։

Այս հարցերին, կարծում եմ, պետք են փաստերով պատասխաններ՝ հանուն այդ երիտասարդ աղջկա և բոլոր նրանց, ովքեր այսօր օգտվում են լողավազաններից։

ԹԱՐՄԱՑՈՒՄ- ՔԿ-ն հաղորդում է. օգոստոսի 4-ին «Ռիբոկ» սպորտային համալիրի լողավազանում անձի ջրահեղձ լինելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»։

Հասարակություն more