▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն է Acba bank-ի պատվի արժեքը. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը գրում է․ «Որքա՞ն է Acba bank-ի պատվի արժեքը:

Վերջերս հայտնի դարձավ, որ երբեք ԱՄՆ-ուն չեղած, ԱՄՆ-ի մուտքի վիզա երբևէ չունեցած ՀՀ քաղաքացին Երևանում իր տանը նստած (միգուցե` քնած) «Ակբա» բանկի քարտով ԱՄՆ-ում 170 ԱՄՆ դոլարով (61 030 ՀՀ դրամ) ինչ-որ ավտոմեքենա է բենզինով լիցքավորել: «Ակբա» բանկը հրաժարվում է հետաքննություն իրականացնել և, ըստ այդմ, բացահայտել աներկբա զեղծարարությունը: Ըստ բանկի, քաղաքացին օգտվել է ինչ-որ կայքերից, որոնք ռիսկային են:

Բանկի այսօրինակ կեցվացքի վերաբերյալ այս տեղեկությունը լայն տարածում ստացավ: Այն հրապարակվեց մի շարք տեղեկատվական կայքերում:

Իսկ ինչպե՞ս արձագանքեց բանկը: Ուշադիր` բանկն ընդհանրապես չարձագանքեց: Ավելին` բանկի իմ աղբյուրների փոխանցմամբ, վերջինս որդեգրել է «ջայլամի» քաղաքականություն, այսինքն, հրապարակումներին որևէ կերպ չարձագանքելու տարբերակը:

Հայաստանյան բոլոր բանկերը թերություններ ունեն, սակայն դրանց մեծ մասը գոնե չի արհամարհում մամուլում տեղ գտած հրապապարային քննադատությունը: Օրինակ` AMIO BANK-ը: Ինչքան էլ թերի կամ անտրամաբանական լինի վերջինիս գործունեությունն, այնուամենայնիվ, ԱՄԻՕ բանկն առերևույթ պատիվ և քաղաքացիների հետ շփման պատրաստակամություն ունի: Գիտեմ, որ պատիվ ունեցող բանկեր շատ կան:

Այս իմաստով, «Ակբա» բանկը բացառություն է: Տեսեք` խոսքն ընդամենը 61 030 ՀՀ դրամի մասին է: Այդ գումարը զեղծարարները կանխիկացրել են «Ակբա» բանկի քարտից, իսկ բանկը հրաժարվում է բանկային «հետաքննություն» իրականացնել` զեղծարարներին պատժելու և հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով: Ավելին` ըստ բանկից ստացված տեղեկությունների, բանկը «թքած ունի» մամուլում տեղ գտած հրապարակումների վրա:

Այլ կերպ ասած` «ինչ ուզում եք արեք, ես 61 030 դրամի տերն եմ և այն որևէ դեպքում չեմ վերադարձնի»:

Արդյունքում` բանկը չապահովվեց քաղաքացու ֆինանսական անվտանգությունը (միգուցե նաև կեղծ «գործարքից» գումար աշխատեց), զեղծարարները բանկի անգործության պայմաններում գումար «շահեցին» և անպատիժ մնացին, քաղաքացին 61 030 ՀՀ դրամ կորցրեց:

Համադրելով բոլոր տվյալները, կարո՞ղ եմ եզրակացնել, որ «Ակբա» բանկի պատիվը 61 030 ՀՀ դրամ արժի»:

Հասարակություն more