«Բիգ Բորդ» գովազդային գործակալությունը պարզաբանում է ներկայացրել՝ Աբովյանում գովազդային պաստառների տեղադրման վերաբերյալ։
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է հրապարակել՝ պնդելով, թե Աբովյան քաղաքում զոհված զինծառայողների լուսանկարներով պաստառները հեռացվել են՝ դրանց փոխարեն քաղաքի տոնին նվիրված՝ Արման Հովհաննիսյանի մասնակցությամբ համերգի ազդագրերը տեղադրելու նպատակով։ Գրառումը տարածվել է նաև մի շարք լրատվամիջոցներում։
Որպես պաստառների տեղադրումն իրականացրած ընկերություն՝ հայտնում ենք․ աշխատանքների մեկնարկի պահին տվյալ վահանակներն արդեն ազատ էին։ Մեր ընկերությունը զոհված զինվորների պատկերներով պաստառներ չի հեռացրել․ քաղաքի տոնին նվիրված համերգի պաստառները տեղադրվել են ազատ վահանակների վրա։
Ակնկալում ենք, որ տեղեկությունը տարածած լրատվամիջոցները կներկայացնեն նաև այս պարզաբանումը։
Հարգելով զոհված զինվորների հիշատակը և նրանց ընտանիքների զգացմունքները՝ կարևոր ենք համարում այս զգայուն հարցի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածումը»,-նշված է «Բիգ Բորդ»-ի ֆեյսբուքյան էջում։


