▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական կտամ»․ Նիկոլ Փաշինյան

«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,- հավելել է Փաշինյանը։

***

«Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ»,- Կառավարության նիստում այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում՝ որպես նախնական նախագիծ՝ ներսում ունենալով այն հիմնական քաղաքական հենասյունները, որոնք քննարկվել են նախորդող շրջանում՝ այդ թվում նաև նախընտրական քարոզչության ընթացքում»,- հավելեց Փաշինյանը։

«Կարծում եմ՝ այս հարցը պետք է պատասխան ստանա․ «Հայաստան» խմբակցությունը, որի մաս է նաև ՀՅԴ-ն, արդյոք հավատարի՞մ է միասնական Հայաստանի տեսլականին։ Դա, ի դեպ, ՀՅԴ-ի ծրագրային տեսլականն է։ Նրանք պիտի այս հարցին հստակ պատասխան տան, որովհետև սա ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչու են այդ քաղաքական ուժերն այդքան դեմ սահմանադրական փոփոխություններին, և ինչու են այդքան հիշատակում 1990 թվականի Անկախության հռչակագիրը։

Ի վերջո, մենք պետք է արձանագրենք մի բան, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի, որովհետև մենք, ըստ էության, Դաշնակցության՝ Միասնական Հայաստանի տեսլականը դրել ենք մեր պետության հիմքում․․․ Սովետական Հայաստանը տրանսֆորմացվել է դաշնակցական Հայաստանի։ Դա է պատճառը, որ հետագայում Հայաստանում այլ քաղաքական ուժեր չեն եղել, եղել են դաշնակցական քաղաքական ուժեր, որովհետև Անկախության հռչակագրի մեջ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսին է Արևմտյան Հայաստանը, հստակ հղում կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման գործընթացին, և հիմա շատ կարևոր է արձանագրել, թե ինչու չպետք է մենք Սահմանադրության մեջ կապ ունենանք այս դրույթների հետ: Որովհետև դրանով այդ փաստաթուղթն ապահովել է ՀՀ-ի այնպիսի դիրքավորում, որ կոնֆլիկտային տրամաբանության մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունը, և մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը դուրս դնենք կոնֆլիկտային տրամաբանությունից, որովհետև Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը։ Մենք պետք է առերեսվենք այս փաստին։

Շատ հստակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը հարց եմ տալիս՝ արդյո՞ք իրենք պաշտպանում են Ղարաբաղի և ընդհանրապես Ադրբեջանի հայության վերադարձի իրավունքը։ Շատ հստակ այս հարցին պետք է պատասխանեն, ընդ որում՝ սրանք թակարդ-հարցեր են, որովհետև մի դեպքում նրանք պիտի արձանագրեն մեր քաղաքական նպատակադրումների լեգիտիմությունն ու արդարությունը, մյուս դեպքում՝ պետք է հրաժարվեն իրենց քաղաքական ինքնությունից. այսինքն՝ իրենք պետք է դուրս գան և ասեն, որ իրենք իրենց քաղաքական ինքնությունից հրաժարվում են։ Հիմա, եթե «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները պաշտպանում են Ադրբեջանի հայերի վերադարձի իրավունքը, դրա արձագանքը 300 հազար ադրբեջանցիներն են։ Մենք սրանց պետք է շատ հստակ առերեսվենք։ Խնդրին առնչվելու երկու մոտեցում կա. առաջինը՝ դու ասում ես՝ 300 հազար ադրբեջանցի, ուրեմն ես էլ ասում եմ՝ 500 հազար բաքվեցի, սումգայիթցի, կիրովաբադցի, ղարաբաղցի և այլն, բայց այս տրամաբանությունն արդեն բախման տրամաբանություն է»,- նշեց Փաշինյանը։

***

«Ասում եմ առանց սեթևեթանքի, մարդիկ գտնվում են իրենց արժանի տեղում, և հույս ունեմ, որ մեր դատական համակարգը նրանց գոնե դանդաղ․․․ Լավ, հույս ունեմ՝ դատական համակարգը արդարադատություն կիրականացնի։ Ուզում էի ասել՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան, որովհետև դա բոլորովին ուրիշ բան կնշանակի»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ադրադառնալով ընդդիմադիր գործիչների կալանավորմանը։

Հասարակություն more