Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան։
«Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք։ Հաջիևը ժամանել էր Հայաստան, հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ»,- ասել է նա։
***
Ադրբեջանական կողմը ներկայացրել է անհետ կորածների հարցերով աշխատանքային պլանի նախագիծ, հայկական կողմն էլ առաջիկայում կներկայացնի իր նախաձեռնություններն ու պատկերացումները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն առաջիկայում, որպեսզի հնարավոր լինի համադրել երկու կողմերի ճանապարհային քարտեզները և համատեղ աշխատանք իրականացնել։
Անդրադառնալով առաջին պատերազմի տարիներին անհետ կորածների հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այդ ժամանակաշրջանից պահպանված տվյալները կցկտուր են, ինչը դժվարացնում է արխիվային նյութերի հավաքագրումն ու հստակ տեղեկատվության հասանելիությունը։
Հարցին, թե ինչպե՞ս են որոշել «անհետ կորած» և «հաստատված գերի» հասկացությունների տարբերությունը, Սիմոնյանը պատասխանեց.
«Հաստատված գերիներ են համարվում այն անձինք, որոնց վերաբերյալ կան հաստատված տվյալներ, օրինակ՝ Կարմիր խաչի կամ միջազգային կառույցների միջոցով։ Անհետ կորածների պարագայում մենք չգիտենք նրանց ճակատագիրը։ Դա 100 տոկոսով չի նշանակում, որ տվյալ անձը մահացած է։ Չի բացառվում, որ որոշ մարդկանց վերաբերյալ տեղեկություններ կամ ողջ մնալու փաստեր ի հայտ գան»։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ կողմերը չեն սահմանափակվելու միայն միմյանց տրամադրած տվյալներով, և այս գործընթացում կարևոր դերակատարում պետք է ունենան Կարմիր խաչն ու միջազգային այլ կառույցները։


